«Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան՝ Պարոնյանի թատրոնում

«Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան՝ Պարոնյանի թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան։ Կարո Բալյանի բեմադրմամբ ներկայացման պրեմիերան կկայանա հոկտեմբերի 14-ին։

Մոնոներկայացման մեջ հանդես կգա դերասանուհի Տատա Խաչատրյանը՝ Սանկտ Պետերբուրգից:
Այսօր հրավիրված ասուլիսում դերասանուհին ասաց, որ ինքն ու Կարո Բալյանը մտածել են ստեղծել այնպիսի ներկայացում, որ հետաքրքիր կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հանդիսատեսի համար:

Դերասանուհին նշեց, որ իրեն հետաքրքրել է ռեժիսորի առաջարկն՝ անդրադառնալ Սերգեյ Եսենինի «Շահանե, օ, դու իմ Շահանե» ստեղծագործությանը։ «Այս ստեղծագործության մասին շատ լավ գիտեն հայերը, բայց Ռուսաստանում խոսում են Եսենինի բոլոր սերերի մասին, բայց ոչ Շահանեի։ Ոչ ոք չի խոսում հայ կնոջ մասին»,- ասաց դերասանուհին։

Կարո Բալյանն էլ հայտնեց, որ սցենարի հարցում համագործակցել են Կարինե Խոդիկյանի հետ: «Շատ լավ սցենար ստացվեց», – ընդգծեց նա:

Տատա Խաչատրյանը խաղացել է ոչ միայն դրամատիկ բեմադրություններում, այլև մյուզիքլներում և ֆիլմերում: Նրա անունը հայտնի է հանդիսատեսին Սանկտ Պետերբուրգի Երաժշտական Կոմեդիայի պետական թատրոնի՝ «Օլիվեր Թվիսթ», «Ալադին» ներկայացումներից, «Դոկտոր Ռիխտեր», «Մաժոր-3» և այլ հեռուստասերիալներից, ինչպես նաև «Դուքս Կապույտ Մորուքի դղյակը» օպերայից, որը բեմադրվել է Մարինյան թատրոնում: Վերջինս առաջադրվել է ռուսական ազգային «Ոսկե Դիմակ» մրցանակաբաշխության անվանակարգերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում