Հրաչյա Թամրազյան. Քեզ վաղվա օրն է դրսում սպասում…
Նմանատիպ
Ու ճերմակ հագած մի կնոջ նման
Օրն է մեկնվում, և ես չգիտեմ
Աշակերտի պես – ինչ անել հիմա,
Ու ստիպված եմ անպատեհ, ի դեպ
Համակերպվել իմ առօրյա դերին
Ասես մի կին իր հետքերն է թողել
Օրերի լքված առագաստներին
Ու մահիճներին, որ դարձան տողեր:
Ու ձեռագիրն այդ անընթեռնելի
Դեռ չի կարդացել ոչ մի վերծանող,
Անծանոթ են այդ տողերը դեռ ինձ,
Միայն այդ կնոջ անունն է ծանոթ:
Ու նա խոսում է, ու ինձ թվում է,
Թե դեռ անապակ, մաքուր է այնքան,
Սպիտակ իմ էջ – հոլանի ու մերկ
Գալիքի առջև անկոխ, կուսական:
ՙՄի՛ թող, որ ուրիշ մարդ ինձ մոտենա,
Այդ քեզ քո խոնարհ ծառան է ասում,
Քեզ սպասում է մի նոր գոտեմարտ,
Քեզ վաղվա օրն է դրսում սպասում:
Ես ամենուրեք քեզ հետ կլինեմ,
Իբրև չընթերցված, մաքուր ձեռագիր,
Քանզի բառերն ու պատկերներն հին են –
Այն երգի նման, որ գիտենք անգիր…
Մտիր հորձանուտն – իբրև նավավար
Ու նավի՛ր ճերմակ այս առագաստով,
Ու դա կդառնա նոր երգի ավարտ,
Ու դա կդառնա հենց նոր գրված տող՚: