Կովալը տեղի տվեց

2013-ի ապրիլի 2-ի առավոտյան գյուղապետարանի դիմաց սպանված Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահից հետո ՀՀ կառավարության որոշմամբ Պռոշյանում նշանակված գյուղապետի պաշտոնակատարը ստիպված եղավ նահանջել: Ինչպես հայտնի է, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) էր նշանակվել ավագանու նախկին անդամ, անկուսակցական Արմենուհի Մելիքյանը, որին, սակայն, գյուղի բնակիչները թույլ չտվեցին մտնել գյուղապետարան: Ա. Մելիքյանն էլ, գյուղացիներին «բոլորդ թուրքեր եք» անվանելով, հեռացել էր՝ հրաժարվելով պաշտոնակատարի պարտականություններից:

«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկել է, որ գյուղն ունի համայնքի ղեկավարի նոր ԺՊ: Վերջինս սպանված գյուղապետի օգնական Վրեժ Մնացականյանն է: «Առանց որևէ մեկի ներկայացնելու Վրեժ Մնացականյանն է եկել աշխատանքի և անցել է իր պարտականություններին: Ամեն ինչ այս պահի դրությամբ նորմալ է, և գյուղացիների կողմից որևէ դժգոհություն չեղավ»,- «Ժողովուրդ»-ին հայտնել է գյուղի ավագանու անդամ Մովսես Հակոբյանը: Հավելենք, որ պռոշյանցիները նոր գյուղապետ կընտրեն հուլիսի 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում