Շահադիտությունը խոչընդոտում է Աստծու հետ հաղորդակցվելուն
Նմանատիպ
– Հա՛յր, ասացիք, որ մարտկոցս պետք է հոգևոր բովանդակությամբ լիցքավորեմ: Իսկ ինչպե՞ս դա անեմ:
– Ջանա հոգևոր վեհանձնություն, նախանձախնդրություն ձեռք բերել, որպեսզի շահադիտությունն անհետանա: Այն խոչընդոտում է աղոթքին, որովհետև մարդուն բաժանում է Աստծուց, անթափանցելի պատ է դնում նրանց միջև: Գիտե՞ս, թե ինչ է նշանակում անթափանցելի պատ: Ասես Աստված քեզ ասում է. «Զավա՛կս, ես քեզ չեմ հասկանում»:
– Հա՛յր, իսկ վանականը կարո՞ղ է հետևողական լինել վանական կարգը կատարելիս, սակայն, միևնույն ժամանակ, տառապել անձնազոհության և եղբայրների հանդեպ սիրո բացակայությունից:
– Իհա՛րկե, կարող է: Եթե նա միայն իր մասին է մտածում, ապա կարող է աղոթել, ճգնել և այլն, բայց մեծ կարծիք ունենալ իր մասին և անտարբեր լինել մյուսների նկատմամբ: Սակայն այդ դեպքում նա միշտ աղքատ կմնա: Չէ՞ որ քանի դեռ մարդն իրենով է զբաղված, ոչ այն իմաստով, որ ջանում է իր կրքերից ձերբազատվել, այլ այն, որ անում է այն, ինչ իրեն դուր է գալիս, ինչ հարմար է, նա չի կարող հաջողել:
– Նշանակում է հնազանդությունը կատարելիս ևս, ամեն ինչում, միշտ և ամենուր պետք է լա՞վը լինել, հա՛յր:
– Ամեն ինչում: Քրիստոսին հաղորդակցվելու համար պետք է ամեն ինչում հաճո լինել Նրան: Իսկ Քրիստոսին հաճո է, որպեսզի լավ իմաստով գոհացնենք մեր մերձավորին: Ուստի ես հատկապես ուշադրություն եմ դարձնում հոգևոր վեհանձնությանը, անձնազոհությանը: Քանի որ եթե վանականը կարգը կատարում է, իսկ այլ բաների՝ անձնազոհությանը և այլն, ուշադրություն չի դարձնում, ապա նրա կարգն անօգուտ է: Երբ մենաստան եկա(1), ինձ, որպես նոր ձեռնադրվածի, նշանակեցին սեղանապետին օգնելու: Այդ ժամանակ մի ութսունամյա տարեց վանական, որ շատ զառամյալ էր, խնդրեց, որպեսզի ապուրը նրա խուց տանեմ: Ես ավարտում էի հնազանդությունս ու նրա ապուրը տանում: Մի անգամ եղբայրներից մեկը դա տեսնելով՝ ասաց ինձ. «Այդպես մի՛ սովորեցրու նրան, այլապես հետո կսկսի մեկ մի բան խնդրել, հետո՝ մեկ այլ բան և քեզ բոլորովին հանգիստ չի տա, նույնիսկ կանոնդ չես կարողանա կատարել: Գիտե՞ս ինչ պատահեց ինձ հետ: Մի անգամ, երբ նա հիվանդ էր, օգնեցի նրան և դրանից հետո նա ինձ հանգիստ չէր տալիս, անընդհատ ծեծում էր պատը. «Հանուն սիրո թեյ պատրաստիր ինձ համար» կամ «Հանուն սիրո օգնիր շրջվել»: Հետո մի քանի րոպե անց կրկին թխկ-թխկ. «Հանուն սիրո տաք աղյուս դիր»(2): Աղյուս – թեյ, աղյուս – թեյ, էլ ի՞նչ կարգի մասին կարող է խոսք լինել, այնպես որ, ի վերջո, սկսեցի հունից դուրս գալ»: Լսո՞ւմ ես ինչ է ասում: Սարսափելի է: Ծեր մարդը տառապում է, տնքում, օգնություն է խնդրում, իսկ նա չի ուզում գնալ, որպեսզի կարգը չընդհատի: Մաքուր զառանցանք է: Աստծու համար «աղյուս – թեյը» շատ ավելի կարևոր է, քան ջանադրությամբ կատարված բոլոր ծնրադրումներն ու տերողորմյաները: Մի կողմից ասում է. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր ինձ», իսկ մյուս կողմից. «Ինձ հանգիստ թող»:
– Հա՛յր, մարդն ինչպե՞ս կարող է Աստծու օրհնությունն ստանալ:
– Երբ մարդն Աստծու հետ հարազատություն ունի, այնժամ Աստված տալիս է Իր օրհնությունը: Այլապես ի՞նչ կարիք կա տալու: Որպեսզի Իր օրհնությունը ոտնահարվի՞: Ես դա սեփական փորձով գիտեմ: Երբ ես Սինա մեկնեցի(3), ուժեղ երաշտ էր: Մի քանի տարի ոչ մի կաթիլ անձրև չէր եկել, այնպես որ դժվարին ժամանակներ էին և՛ մենաստանի, և՛ բեդուինների համար, որ հարևանությամբ էին ապրում: Վանականներն աղոթում էին, որպեսզի Աստված անձրև պարգևի, սակայն ապարդյուն: Երբ ձիթենիներն էտելու ժամանակը եկավ(4), ես նույնպես գնացի օգնելու: Երբ բեդուինները ծառերն էտեցին, վանականները հաստ ճյուղերը թողեցին վանքի համար, իսկ բարակները մի կողմ դրեցին: Բեդուինները խնդրում էին այդ ճյուղերն իրենց տալ խարույկ վառելու, կերակուր եփելու և ցուրտ գիշերները ջերմանալու համար, սակայն վանականները թույլ չտվեցին, և բեդուինները տխուր հեռացան: Հաջորդ օրը, երբ նրանք կրկին եկան խնդրելու, ես բարակ ճյուղերից տրցակներ կապեցի ու նրանց տվեցի: Այնժամ մի ծեր բեդուին ասաց. «Դու լավ մարդ ես, անձրև կգա»: Եվ չէի հասցրել մենաստան վերադառնալ, երբ անձրև տեղաց ու բավականին երկար ժամանակ: Բեդուինի աղոթքը բաց արեց երկինքը: Այն ժամանակ ես ոչ ոքի չպատմեցի այդ մասին:
1) Էսֆիգմենու մենաստանը 1953 թվականանին:
2) Նախկինում ջերմակի փոխարեն տաքացրած աղյուսներ էին գործածում:
3) 1962 թվականի սեպտեմբերին:
4) 1963 թվականի փետրվարին:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում