Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով: Այս մասին ԱԱԾ-ի դիմաց իրավապաշտպանների հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հարցաքննության հրավիրելուն և Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացներին:
Փաստաբանի խոսքով` Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների հետապնդումները դատապարտելի են, և որևէ մեկը չպետք է մտածի, թե կարող է զերծ մնալ նման ապօրինություններից:
«Հրայր Թովմասյանի նկատմամբ հատուկ վերաբերմունքը մենք տեսանք մի քանի դրվագներով` մի օր կոչ են անում դատարանները շրջափակել, մի օր նախագծով են հանդես գալիս` կաշառել դատավորներին, որպեսզի իրենք իրենց լիազորություններից հրաժարվեին: Մենք հիմա տեսնում ենք, որ անցել են ընտանիքի անդամների նկատմամբ ճնշում բանեցնելուն, և այդ ճնշման բանեցումը տեսնում ենք այսօր այս հարցաքննությունների տեսքով»,- ասաց նա։
Զարուհի Փոստանջյանը նաև հարց բարձրացրեց, թե, ի վերջո, ինչ կապ ունի ԱԱԾ-ն այս հետապնդումների հետ: «Մենք նորից ականատես եղանք ԿԳԲ-ԱԱԾ բանաձևին. փաստորեն` ոչինչ չի փոխվել»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման մասնակից իրավապաշտպաններն այս պահին ԱԱԾ շենքի մոտ են, որտեղ այժմ հարցաքննվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը:
Մինչ այս ԱԱԾ-ում հարցաքննվում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը, ում ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար նա լքել էր ԱԱԾ-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակում։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում