Մե՛նք ենք որոշում, թե ինչպես ապրել
Նմանատիպ
Չարացած մարդկությունը` ամբոխի վերածված, անօրեն կեցվածքով, դեպի ինքնաոչնչացում է գնում` չգիտակցելով իր իսկ մոտալուտ վախճանը:
Հարուստ, թե աղքատ, շինական, բանվոր, թե իշխանավոր, բոլորն են չարացած, խնդիրների, անհանգստության, հոգեկան տառապանքի և ալեկոծության մեջ, և երբեք ոչ ոք իրեն հարց չի տալիս` ինչու՞, որտեղի՞ց այդ չարությունն ու մարդատյացությունը:
Քրիստոս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհ 14;27),- ահա հարցի պատասխանը: Այսօրվա մարդը խոսքով վկայում է, թե Աստված կա, բայց և ուրացել է Աստծուն, լքել շնորհը, հեռացել Լույսից:
Աշխարհային մեղք. կյանքը նման է ճահճի, ինչքան առաջ ես շարժվում, այնքան ավելի է ներքև ձգում, առավել ընկղմում մեղքի և կորստյան մեջ: Լույսից հեռացած է մարդ արարածը, Քրիստոսից լքված` իր իսկ գործած մեղքերի պատճառով, դրա շնորհիվ է, որ մարդ արարածը կորստյան ուղին է բռնել:
Մարդապաշտությունն ու մորթապաշտությունը դավանանք են այլևս, և սեփական ես-ի պաշտամունքը մարդու միջից դուրս է մղել մարդուն` դարձնելով անմարդկային էակ: «Սիրիր ընկերոջդ քո անձի պես» պատվիրանը և առհասարակ բոլոր պատվիրանները մարդուն աստվածամարդ դարձնելու ուղի են հարթում: ՄԱՐԴ բառը հակառակ ընթերցելով կստացվի ԴՐԱՄ, այսինքն` երբ մարդկային հարաբերությունները դուրս են աստվածային պատվիրանի սկզբունքներից, առաջ են գալիս նյութական, անձնական, դրամական շահով առաջնորդվող հարաբերություններ, և դա սկիզբն է դավաճանության ու չարության…. «Չե՛ք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային»: ՉԵ՛Ք ԿԱՐՈՂ: Սրա վառ ապացույցը այսօր մեր հայրենիքում, մեր աչքերի առաջ գործող սորոսյան «Բաց հասարակություններ հիմնադրամի» գրասենյակի բացահայտ մամոնապաշտ, ոսկեցլիկապաշտ, աստվածանարգ ու մարդատյաց և շատ հախուռն արտահայտված հայատյաց գործունեությունն է: Այդ գրասենյակը մեր պետության փաստացի կառավարման կենտրոնն է, որ հրահանգում է, վերահսկում, նշանակում և պաշտոնազրկում, ազատազրկում ու համաներում: Գարդասիլի ներարկիչի ասեղ հիշեցնող այս էլեմենտը, ասես, գործում է «ամեն ինչ` հանուն փողի, և ոչինչ` առանց փողի» կարգախոսով: Փողն է նրանց արժեհամակարգի առանցքն ու սեփական էության ուղնուծուծը: Զանազան սորոսյան զկռտոցները` ՀԿ-ները, զխտկվում են սորոսյան լափամանից ու շուրջը գարշահոտություն տարածում: Արժի՞ հանդուրժել ու բուծել սրանց` հային հակացուցված տեսակը:
Մարդուս աստվածուրաց տեսակը այսօր մեծ հույսեր է կապում մարդու հետ, բայց ո՛չ երբեք մեզ համար իր կյանքը անասելի տանջանքների ենթարկած, խաչված ու հարություն առած Աստծո: Այստեղից էլ ծնվում է նաև հոգու դատարկությունը:
Յո՞ երթաս, մարդ Աստծո: Կյանքը ակնթարթ է, և «աշխարհը մի ընդհանուր մուտք ունի և մի ընդհանուր ելք»: Մե՛նք չենք որոշում մեր ծնվելու ժամն ու ժամանակը, ազգությունն ու վայրը, մե՛նք չենք որոշում այս աշխարհից գնալու ժամանակը, բայց մե՛նք ենք որոշում, թե ինչպես ապրել` ինչ վարքագծով, և ըստ այդմ էլ` վաղ, թե ուշ պատասխան ենք տալու մեր ապրած կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար: Եվ փողի պակասը, հաստա՛տ, չի կարողանալու հանդիսանալ մեր գործած սխալների հիմնավորումը:
Արդեն իսկ մուտք գործել ենք այս աշխարհ, ի տարբերություն շատ ու շատ դժբախտների, ելքն էլ պատրաստված է` ըստ ժամանակի նախախնամված յուրաքանչյուրիս համար, չնայած որոշ ծնվածներ իրենց կյանքով առավել դժբախտ վախճան են ժառանգելու:
Մարդ իրական սիրով կարող է սիրել միայն այն ժամանակ, երբ ճանաչում է աստվածային սերը, կարող է խաղաղվել այն ժամանակ, երբ Քրիստոսի խաղաղության մեջ հաստատված լինի, կարող է ներել այն ժամանակ, երբ տեսնում է Քրիստոսի ներողամտությունը և կարողանում է զսպել իրեն, երբ ճանաչում է Աստծուն և տեսնում իր ունայնությունը: «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք» (Մատթ. 7; 1-2), «Ամեն ինչ, որ կամենում եք, որ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց» (Մատթ. 7; 7-12): Մեր կյանքը կարծես բումերանգ լինի, ինչպես ապրում և գործում ենք, ինչ սերմնահատիկ ցանում ենք, այն էլ հնձում ենք: «Փտած շիվերը խոր արմատներ չեն տա, թեպետ կարճ ժամանակով կարող են ծաղկել, բայց որ խոր արմատներ չունեն, շուտով կչորանան»,- ահա այս է մեղավորի կյանքը:
Վե՛ր հառնեք ձեր մեղքերից, որոնց մասին ձեր խիղճն է վկայում, ընթացե՛ք դեպ հայրենավանդ հավատը, Քրիստոսից առե՛ք խաղաղության ավետիսը, որպեսզի այլևս չալեկոծվեք, չձանձրանաք, չչարանաք ու ձեր ծնված օրը չանիծեք:
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում