Ճչացող լռություն, գեղագիտական ահաբեկչություն
Նմանատիպ
«Ի՞նչ է հայ քանդակագործությունը։ Դա ասկետիզմն է, քիչ շարժումներով շատ բան ասելը, քիչ տաշելը, ամենագլխավորն ընդգծելու կարողությունը։ Հայ քանդակագործությունն ընդհանրապես պատմել չի սիրում, լուռ է»։
Գետիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱՐՏԱՇԵՍ Ա-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՈՒԼՅԱՆՈՎ- ԼԵՆԻՆ ԵՎ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԵՌԱԳԻՐ
Արձանները, հուշարձանները, քանդակներն ու հուշաղբյուրները, հուշաքարերն ու պուլպուլակ-ցայտաղբյուրները նախ գաղափարական զենք են, հետո միայն գեղագիտական հաճույքի աղբյուր։ Երբ Արտաշես Ա աշխարհակալ և մեծագործ հայոց արքան իր հիմնած Արտաշատ քաղաքը դարձրեց քաղաքամայր, Բագարանից Արտաշատ է տեղափոխում Արտեմիսի և հայրենական աստվածների արձանները։ Սակայն Ապոլոնի արձանը տեղակայում է քաղաքի սահմաններից դուրս, մայրաքաղաք տանող ճանապարհի եզրին։ Զի Ապոլոնը գերաստված էր, օտար էր հայերիս, բնականաբար, անհարիր էր նրա վեհաշուք և կախարդիչ ներկայությունը Արտաշատ քաղաքամայրում։ Այս մասին է վկայում տիար Մովսեսը, երևելի Խորենացին։ Նա նաև հիշատակում է, որ Տիգրան Բ-ն «ազգայնացնում» էր օտար աստվածներին, մասնավորապես Աֆրոդիտեն դառնում էր Աստղիկ, Հերակլեսը՝ Վահագն։
ՈՒլյանով-Լենինը գաղափարական սնամեջ զենք էր, թեպետ նրա արձանները տեղակայված էին ԽՍՀՄ մայրաքաղաքների, այլ նշանավոր բնակավայրերի կենտրոնական հրապարակներում, ամենատարբեր ձեռնարկությունների բակերում, կոլտնտեսություններում և մարզադաշտերում, միլիոնանոց նմուշներով, այնուամենայնիվ, թնդանոթաձգություն էր ճնճղուկների երամի վրա, քանի որ լենինյան պատգամներին հավատում էին հոկտեմբերիկներն ու պիոներները, մասամբ կարիերիստ կոմերիտականները, լիասիրտ՝ հոգեբուժարանի այն մշտական գրանցում ունեցող քաղաքացիները, որոնք իրենց Լենին էին համարում, և Կրուպսկայան։ Ի մասնավորի, խորհրդահայության այլախոհական գվարդիան երկրի գլխավոր հրապարակում (իմա՝ Լենինի անվան հրապարակ) վեր խոյացող Լենինի հուշարձանին շնորհել էր սրտաշարժ մի պատվանուն՝ «Ղուշբազ Վալոդ» (հուշարձանի շրջակայքում հացահատիկ էին կտցահարում անթիվ աղավնիներ), ավելի զգաստ, այսինքն՝ ոչ այլախոհ խորհրդահայերը հոգու խորքում համաձայն էին պատվանվանը։
Ստեփան Շահումյանի հոյակերտ հուշարձանը գաղափարական զենք էր (պարսատիկ չէր, որսորդական հրացան էր), քանի որ կերտված էր հեղափոխական ռոմանտիզմի ոգով, և բոլշևիկյան կուսակցության քրմերից մեկը ինչ-որ առումով նույնացվում էր, չզարմանաք, Դավիթ Բեկի և Արաբոյի հետ։ Գիտե՞ք ինչու. նախ՝ նահատակվել էր օտար ափերում և հետո խորհրդահայության այլախոհական նշյալ գվարդիային (նաև տողերիս հեղինակին) հայտնի էր դիցաբանական մի պատմությամբ։ Կարծես թե 1918-ին Շահումյանը հեռագրում է Բելառուսիայում մեծ ազդեցություն ունեցող Ալեքսանդր Մյասնիկյանին (վերջինս արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարն էր, նորաստեղծ կարմիր բանակի ռազմակայանի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահը և գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալը). «Զորք ուղարկիր Հայաստան, երկիրը կորցնում ենք»։ Զորքը չի հասնում Հայաստան, ուղղվում է դեպի Միջին Ասիա։ Զորքի հրամանատարն էր գնդապետ Հակոբ Մելքումովը։
«ՃԱՆՃԻ ԱՐՁԱՆԸ» ԵՎ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ
Ֆրանսիայի հրապարակում դրված Ռոդենի «Նկարչի» արձանը արդի ժողովրդական բանահյուսությունը վերակնքեց «Ճանճի արձանը», զի գեղարվեստական առումով գրեթե կատարյալ սույն ստեղծագործությունը արձան չէ, քանդակ է, ավելի ստույգ՝ մահարձան, և օպերային թատրոնի սիմֆոնիկ համայնապատկերի հարևանությամբ, հրապարակ-խաչմերուկի կենտրոնում գեղագիտական տեսանկյունից բարոյազրկվում, վերածվում է ճանճի։ (Ձեր խոնարհ ծառան հանդգնել և ստեղծել է կերպարվեստին առնչվող մի նոր հանդես, ուր, ի թիվս այլ թնջուկների, այլընտրանք է առաջարկում «Նկարչի» արձանի փոխարեն)։ Վերոնշյալ գլուխգործոց-գլուխկոտրուկը ողբերգազավեշտի է վերածվում, երբ հանրապետությունում տեղի է ունենում միջպետական որևէ վեհաժողով և այն շրջափակվում է տարբեր երկրների դրոշներով։ Միով բանիվ, Ֆրանսիայի հրապարակի օպերային թատրոնի սիմֆոնիկ վեհությունը խախտված է «ճանճապատումով». սիմֆոնիան վերածվել է դարդիման կլկլոցի։
ՄԱԿԱՆՈՒՆԱԿԻՐ ԱՐՁԱՆՆԵՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՏԱՎԻԺՈՒՄ
Այո՜, խորհրդարանում ժամանակին բուսնած քրեաքաղաքական բրածո այրերը, դաջված խորհրդապաշտական մականուններով համարժեքվում էին մայրաքաղաքում տեղադրվող արձաններին։ Եթե բրածո այրերը մականունով դաջվում էին պատանեկության և երիտասարդության տարիներին, ինչ-ինչ հատկությունների պատճառով, ապա արձաններն արժանանում էին մականվան հանդիսավոր բացումից րոպեներ անց։ Աջափնյակ վարչական շրջանը փառավորված է երկու մականունավոր արձանով։ Սողոմոն Թեհլերյանի արձանը հանրահայտ է «պլանքյաշ» զարզանդելի պատվանունով։ Գևորգ Չավուշի արձանին շնորհվել է ոչ պակաս հմայիչ մի մականուն՝ «Քինգ Քոնգ»։ Եվ հենց այստեղ պիտի փնտրել և հայտնաբերել այն փոսը, որտեղ գարշահոտում է մայրաքաղաքն ու հանրապետությունը գերեվարած և զօր ու գիշեր հաչող շան գլուխը։ Գևորգ Չավուշի հուշարձանի մրցութային հանձնախմբի առջև բարդ, սակայն լուծելի խնդիր էր դրված։ Մրցույթին մասնակցում էին մի քանի կայացած-ճանաչված և մի քանի կիսաշնորհալի արձանագործներ։ Առաջին փուլում մրցութային առաջնադիրքում են հայտնվում Լևոն Թոքմաջյանի և Տարիել Հակոբյանի հեղինակած տարբերակները։ Այդ օրերին հանդիպեցի տիար Տարիելին։ Զարմացա, երբ ասաց, որ լավագույնը Լևոնի ներկայացրած էսքիզն է, և ինքը հանում է իր թեկնածությունը։ (Տարիել Հակոբյանը պատահական մեկը չէ, ավելին՝ շնորհաշատ ստեղծագործող է, այցելեք նրա արվեստանոց և համոզվեք ասվածում)։ Գնահատելի է, անկասկած, տիար Տարիելի վեհանձնությունը։ ՈՒրեմն Թոքմաջյանը հիրավի մայրաքաղաքին և նշանավոր գաղափարակիր ֆիդայապետին արժանի հուշարձան է կերտել։ (Վերջերս Շառլի հուշարձանի նախօրինակի մասին դրվատանքով արտահայտվեց դարձյալ շնորհաշատ վարպետ Գետիկ Բաղդասարյանը)։
ՇՐՋԱԿԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ, ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ, ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՂԻՆԱԿԸ
Հուշարձանի ծածկոցը հանդիսավոր սահեց վար։ Բռնկվող ծափերը մարեցին րոպե անց։ Չավուշի արձանի հրապարակում իշխում էր դամբարանային լռություն, գաղափարակիր ֆիդայապետը մարմնավորված էր ողբերգազավեշտային վայելչանքում, հանց առասպելական գերկապիկ Քինգ Քոնգը։
Լևոն Թոքմաջյանն իր գլխավոր գլուխգործոցները (Արգիշտի արքա և Արամ Խաչատրյան, Սողոմոն Թեհլերյան և Գևորգ Չավուշ և ուրիշներ) նախ ներկայացնում է մրցութային հանձնաժողովի դատափետմանը, հուռա-հայրենասիրական ճարտասանությամբ գրավում է հանձնաժողովականների սրտերը, խոստանում է գործը ավարտին հասցնել անվճար («միայն բանվորներիս փողը տվեք» այս մելամաղձոտ-նվիրական նախադասությամբ գործը հասցնում է հաղթական ավարտին, չնայած արձանի տեղադրման ժամանակ բավականին կլորիկ գումար է վաստակում) և շահում է, հերթական «բալգարկայով տաշտշած» արձան-ծամածռուկն է զարդարում Երևանի և մայրաքաղաքի այս և այն հրապարակը, անկյունը, փողոցն ու խաչմերուկը։
Գուցե հայտնաբերե՞նք «թոքմաջյանական շան գլուխը»։ Անհրաժեշտ է, զի հայտնաբերմամբ կբացահայտվի նորանկախական Հայաստանի հակամշակութայնացման եզրակացություններից մեկը, սույն պարագայում՝ քանդակագործության բնագավառում։
Լևոն Թոքմաջյանը հետքոչարյան շրջանի հիանալի վարպետներից մեկն է։ Սա նախ և առաջ։ Նախ և հետո՝ Սարյանի նշանավոր մարմարակերտ հուշարձանը տիար Լևոնի գլուխգործոցը չէ, քանզի նա ժամանակին քանդակել է Լև Տոլստոյի կիսանդրին (գտնվում է համանուն դպրոցի բակում), նրա ստեղծագործական արբունքի հիանալի ցայտ է «Անուշն ու Սարոն»։ Քնարական պաթետիզմով շաղախուն քանդակը տեղակայված է Հովհ. Թումանյանի անվան զբոսայգում։ Նաև մի զլացեք և այցելեք ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտ, հյուրընկալվեք սույն մատենական հաստատության տնօրեն Արարատ Աղասյանին և հիացեք նրա առանձնասենյակում գտնվող Կոմիտասի արձանի փոքրածավալ տարբերակով։ Այն, ըստ իս և ըստ շատերի կարծիքի, գերազանցում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմահայաց զբոսայգում տեղադրված և մեզ բոլորիս քաջածանոթ արձանը։
Ներող եղեք, սակայն ի՞նչ է «բալգարկան» և ինչո՞վ է այն առնչվում կերպարվեստին։ Իրազեկում եմ բանին անտեղյակ ընթերցողներին. «բալգարկան» բուլղարական արտադրության սղոց է, տիար Լևոնը և էլի մի քանիսը իրենց աշխատանքը դյուրացնելու մղումով (միաժամանակ վստահված ստեղծագործությունը նզովելու ցանկությամբ) քանդակն ու արձանը տաշտշում են «բալգարկայով»։ Նշյալ բիրտ սղոցի չարագույժ հետքերը անզեն աչքով տեսանելի են թոքմաջյանական բազմաթիվ գլուխկոտրուկներում։ Դիցուք, զննեք Արամ Խաչատրյանի կիսանդրին համանուն փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում։ Կամ հայ ժողովրդի բարեկամ լիբանանցի բանաստեղծ, արձակագիր և փիլիսոփա Ժուպրան Խալիլ Ժուպրանի կիսանդրին Մանկական այգում։ Զննեք և զարմանքից քար կտրեք։ (Միգուցե ճիշտ ժամանա՞կն է մայրաքաղաքի մի տեսանելի հատվածում տեղադրելու «բալգարկա» սղոցի հուշարձանը)։
Ինչու՞ է ճանապարհ հարթվել այս քանդակագործական նախճիրի առաջ։ Ո՞վ է վառել կանաչ լույսեր։ Կառավարությունները՝ համապատասխան որոշումներով։ Մրցութային հանձնաժողովները՝ իրենց անողնաշար հնազանդությամբ։ Ի վերջո՝ ՀՀ մշակույթի բոլոր նախարարները։ Գործընթացից, իհարկե, անմասն չեն իրենք՝ հեղինակները։
Ի վերջո, երկրի ու նրա մայրաքաղաքի քաղաքաշինական-ճարտարապետական խեղումները համարժեքվում-ներդաշնակվում էին արձանագործական վայրիվերումներով։
Է, ելքը ո՞րն է, գուցե «Ելք» դաշի՞նքն է լուծելու խնդիրը, կասկածում եմ, հույսեր չունեմ։ ՈՒ մի կողմ դնելով հուզական լիցքերը, առաջարկում եմ, որ տաժանակիր մի գործընթաց սկսվի, համահայկական-համապետական ահազանգ հնչի, և եռանիվ սայլը, ի վերջո, շարժվի տեղից։ Ելքը ահա մատնանշում եմ. անհրաժեշտ է ձևավորել պատկառազդու մի հանձնախումբ, նրան օժտել արտակարգ լիազորություններով և օրենքի օրհնանքով ձերբազատվել ազգային-պետական խայտառակություններից։
Ահա կազմավորվելիք «գեղարվեստական չեկայի» կազմը.
1. Հայաստանի նկարիչների միության նախագահ,
2. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն,
3. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր,
4. Ավագ սերնդի հեղինակավոր մի քանդակագործ,
5. Շնորհալի մեկը երիտասարդ արձանագործներից,
6 ՀՀ ԱԺ մշակույթի հանձնաժողովի նախագահ,
7. ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար։
Կարող են, անկասկած, լինել այլ մոտեցումներ։ Զորօրինակ, կարելի է հանրային ընդվզմամբ թնջուկը լուծել, շրջափակել, դիցուք, Գևորգ Չավուշի հուշարձանը, նստել հացադուլի և պահանջել նրա օտարումը։ Ռոմանտիզմի հողմեր են փչում այս վերջին առաջարկում, սակայն այն իրագործելի չէ, քանզի մենք փողոց ենք հեղեղում, մերժում ենք, երբ դանակը հասնում է մեր ոսկորներին և օրնիբուն խարտում է այն։ Մշակութային աղետները կանխարգելող որևէ համաժողովրդական ցասման չենք առերեսվել։ Ապավինենք վերոնշյալ հանձնախմբին։
ՍԱԳԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀՌՈՄԸ, ԳԵՐՄԱՆԱՑԻ ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐԸ՝ ՓԱՐԻԶԸ
Մի քննարկման ժամանակ հետաքրքիր դեպք մեջբերեց ՀՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանը։ Քննարկումը տպագրվել է Հայաստանի նկարիչների միության «Կերպարվեստ» պարբերականում (թիվ 1-2 (15-16), 2008 թ.). «Ես հիշում եմ ուշագրավ մի պատմություն։ Երևան էր եկել քանդակագործ Դարյա Կամսարականը։ Նրա ստեղծագործություններից մեկը, ի դեպ, գտնվում է Ազգային պատկերասրահում։ Հիանալի քանդակագործ է։ Եվ մի զրույցի ընթացքում ահա թե ինչ պատմեց։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նա ապրել է Փարիզում, և երբ օկուպանտ գերմանացիներին գունավոր մետաղ է պետք գալիս պատերազմ վարելու նպատակով, դիմում են ֆրանսիացիներին, խնդրում հանձնաժողով կազմել և ձուլման հանձնել գեղարվեստական ոչ մնայուն արժեք ներկայացնող արձանները։ Եվ… Փարիզն ազատվում է ցածրարժեք ստեղծագործություններից»։
Այսպիսով, կա տխրահռչակ արձաններ կերտելու և տեղադրելու ժամանակ։ Կա նաև դրանք ձուլելու ժամանակ։ Իմա՝ կա քարերը նետելու ժամանակ, կա քարերը հավաքելու ժամանակ, որը կարծես թե եկել է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Ցածրարժեք արձաններն ու քանդակները պետք է ձուլվեն բացառապես դրանք կյանքի կոչողների, այն է՝ պետական պաշտոնյաների, մրցութային հանձնաժողովների անդամների և հեղինակների ջանքերով և դրամական միջոցներով։
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում