Yerevan
17
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան

«168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան

«Հետհեղափոխական Հայաստանում արդեն երկրորդ անգամ՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել:

Հայաստանում նման դեպքեր, որպես կանոն, տեղի չեն ունենում: Եվ եթե բանկի վրա անցյալ տարի իրականացրած հարձակումը և դրա հետևանքով ոստիկանի սպանությունը կարելի էր համարել օրինաչափությունից շեղում, ցավալի դեպք, ապա այս շաբաթ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունն արդեն սպառնում է օրինաչափություն դառնալ:

Կրիմինալիստ կամ ոլորտի մասնագետ պետք չէ լինել, որպեսզի աչքի զարնեն տեղի ունեցածի առնվազն զարմանալի հանգամանքները: Ոստիկանին սպանողը, ինչպես ասում են՝ «քյոհնա» հանցագործ չէր, միջադեպը կազմակերպված հանցագործ խմբավորման գործողության արդյունք չէր, իսկ սպանված ոստիկանը 20 տարվա փորձառու ոստիկան էր: Սա նույնիսկ անզեն հայացքով վերլուծության արդյունքում մի քանի ոչ պրոֆեսիոնալ, բայց, կարծում եմ, տրամաբանական վերլուծության տեղիք է տալիս:

Ոստիկանին դիմադրություն ցույց տալը դարձել է լեգիտիմ: Չէ՞ որ, ըստ ՀՀ հեղափոխական իշխանությունների, դիմադրություն ցույց տվողն իրեն «հպարտ քաղաքացի» է զգում, իսկ ոստիկանը «նախորդ ռեժիմի մնացուկ» է: Իհարկե, նման իրավիճակներում շատ բան իմպուլսիվ է արվում, բայց հաշվի առնելով, որ նախկինում հազարավոր հանցագործություններ են կանխվել, հանցագործներ են բռնվել, բայց ոստիկան չի սպանվել, հակված ենք մտածելու, որ ինչ-որ բան է փոխվել հանցագործի աշխարհընկալման մեջ:

Արդեն մեկուկես տարի պոտենցիալ հանցագործն ապրում է այն ենթագիտակցական իրականության մեջ, որ ինքն ընչազուրկ է, որովհետև նրանից 20 տարի ամեն ինչ թալանել են: Բոլոր փող ունեցողները, բիզնեսի տերերը հանցագործ են, թալանչի, ցանկացած բիզնես ի սկզբանե ապօրինի է, իսկ ինքը հպարտ քաղաքացի է: Հետևաբար՝ ինքը լեգիտիմ իրավունք ուներ ինչ-որ մի «թալանչի» բիզնեսմենի գեղեցկության սրահից իրենից «թալանվածը» հետ վերցնելու: Իր գործողությունը հետապնդման ենթակա չէ, ոստիկանը «սև է», ինքը՝ «սպիտակ», ու ենթագիտակցորեն ինքն իրեն լիազորված է զգում մինչև վերջ «պաշտպանվելու» ոստիկանության «ապօրինի» ոտնձգությունից:

Մեկ այլ վերլուծության տեղիք է տալիս փորձառու ոստիկանի պահվածքը, որը գուցե հանգեցրել է նրա ողբերգական մահվան: Մասնագետ չլինելով՝ թույլ կտամ ենթադրել, որ գուցե ոստիկանը ևս չի հետևել նման իրավիճակներում ոստիկանի ինքնապաշտպանության շրջանակներում նախատեսված պրոտոկոլին: Այլապես դժվար է հասկանալ՝ ինչպե՞ս կարող էր 16 տարեկան «լակոտը» խլել 20 տարվա փորձառություն ունեցող ոստիկանի զենքը: Իսկ միգուցե ոստիկանն ի՞նքը չի դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության քայլերի, որոնք գուցե ենթադրում էին զենքի կիրառում՝ ենթադրյալ հանցագործի դեմ: Չէ՞ որ ոստիկանին էլ արդեն մեկուկես տարի ներշնչում են, որ ինքն իրավունք չունի դիպչելու «հպարտ քաղաքացուն»: Չէ՞ որ նույնիսկ ենթադրյալ կասկածյալը, նախ և առաջ՝ «հպարտ քաղաքացի է»: Գուցե նա «քայլել է» Նիկոլ Փաշինյանի հետ, գուցե մասնակցել է հեղափոխությանը, ճանապարհ է փակել, իսկ դա արդեն որոշակի անձեռնմխելիություն է տալիս… «Հպարտ քաղաքացու» հետ, ամեն դեպքում, պետք է մի քիչ «խաթրով» վարվել…

Մեկ տարուց ավելի ամենաթողությունը ու ոստիկանության, իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան խրախուսվում է ամենաբարձր մակարդակով:

Երբ անցյալ տարի «հպարտ քաղաքացիները» ոտքով ջարդում էին կառավարության շենքի դուռը, դեռևս նորաթուխ վարչապետն ակնհայտ պոպուլիստական նկատառումներով՝ «լիազորեց» քացով դուռ ջարդելը՝ «իրենց դուռն է, ուզում են՝ ջարդում են»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում