Նարեկ Մալյան. Սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը

Նարեկ Մալյան. Սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Սիրելի ջերմուկցիներ և հարակից բնակավայրերի բնակիչներ, դեռևս 2 ամիս առաջ ես մի քանի անգամ ձեզ զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են, այսպես ասած, «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը:

Ինչպես ամեն տեղ, այս հարցում ևս, սորոսականներն առաջնորդվում են իրենց շահի զգացումով և փողի ակնկալիքով: Այդ մարդիկ փողի դիմաց պատրաստ են ներկայանալ բնապահպան, իրավապաշտպան, ֆեմինիստ, խաղաղասեր, տիեզերագնաց…, մի խոսքով՝ ամեն ինչ:

Ամուլսարի հարցում սորոսականներն իրենց բանակցային օրակարգերն ունեն իշխանության հետ: Մի փոքր առաջ անցնելով՝ ցանկանում եմ ձեզ նախազգուշացնել, որ, այն պահից սկսած, երբ իշխանությունը կբավարարի սորոսականների պահանջները, նրանք աշխատելու են ջերմուկցիների շահերի դեմ:

«Ամուլսար» գոռալով և բնապահպան ձևանալով՝ իշխանությունից փորձելու են պոկել իրենց մարդասպան-ահաբեկիչ ընկերների ազատությունը, քաղաքական քվոտաներ, պաշտոններ և փող:

Սիրելի ջերմուկցիներ, միշտ հիշեք, որ որևէ հարցում հաջողության հասնելու և հաղթելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է շուրջբոլորը մաքրել ներդրված սորոսականներից: Այդ առումով ես և «ՎԵՏՕ» շարժումը միշտ ձեր թիկունքին ենք:
Զգոն եղե՛ք:»

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում