«Ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և ըստ կարգի թող լինի»

«Ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և ըստ կարգի թող լինի»

«Եւ ամենայն ինչ ձեր՝ պարկեշտութեամբ և ըստ կարգի լինիցի»:

«Ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և ըստ կարգի թող լինի» (Ա Կորնթ. 14:40):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

Աստված տիեզերքն արարել է կարգուկանոնով: Աշխարհում ոչինչ պատահական չէ, և ամեն ինչ ներդաշնակ է: Ի սկզբանե մարդկային մեղքն էր, որ արարչագործության մեջ աններդաշնակություն մտցրեց, բաժանում բերեց Աստծո և մարդու միջև: Սուրբ գրքում բազմիցս կիրառվում է «կարգել» բառը: Աստված կարգուկանոն է սահմանում մարդկանց համար և այդ ամենն անում է ի բարօրություն արարածների, որովհետև սիրում է Իր արարչագործությունը: Կարգուկանոնով կենցաղավարելը մարդու համար սկսվում է Աստվածաշնչով, որովհետև դրա միջոցով Աստված մարդուն պատվիրաններ է տալիս ճիշտ ապրելու համար, որովհետև Աստվածաշնչով ապրելը մարդուն վերադարձնում է այն երանական վիճակին, որից նա զրկվել էր մեղքի պատճառով:

Կարգուկանոնն ու ներդաշնակությունը արարչագործության հիմքն են: Երկնքում և երկրի վրա, ծովում թե ցամաքում ամեն ինչ, ինչպես նաև մարդկային հոգին, միտքն ու մարմինն իրար ներդաշնակ են, և ամեն ինչի ընթացքը կանոնակարգված է: Տիեզերքում ամեն ինչ համահունչ է և ներդաշնակ, ուստի այն ինքնարարվել չէր կարող:

Աստված ոչ միայն կարգուկանոնի մեջ է ստեղծել աշխարհն ու տիեզերքը, մարդկանց կարգել իրենց տեղերում՝ արժանացնելով նրանց բազմաթիվ շնորհների և օժտելով տարբեր ձիրքերով, այլև մարդու առջև դրել է կարգուկանոնով ապրելու պատվիրանը: Եթե կարգուկանոնը բացակայի անձնական և հասարակական կյանքից ու հարաբերություններից, ապա քաոս և խառնաշփոթ կստեղծվի: Ոչ միայն ամեն ինչ իր տեղում արարված է իր կոչմամբ և առաքելությամբ, այլև մարդու կյանքում ևս ամեն ինչ հերթագայվում է, կատարվում կարգով և ժամանակին, ինչպես նշվում է Ժողովող գրքում. «Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը, լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը, քարեր կտրելու ժամանակը և քարեր հավաքելու ժամանակը, գրկելու ժամանակը և գրկից հեռանալու ժամանակը, փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը, պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խոսելու ժամանակը, սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը» (3:1-8):

Աստվածաշնչի բոլոր գրքերն էլ մարդու փրկության ճանապարհն են ցույց տալիս և մարդկային կյանքի ճիշտ և անսխալ ընթացքը կազմակերպելու նպատակ են հետապնդում: Քրիստոնյայի կյանքը պետք է կազմակերպված լինի և անկարգ ու խառնափնթոր չլինի: Նա պետք է գիտակցի իր տեղն այս կյանքում և հստակ իմանա իր առաքելությունը: Քրիստոնեական մեծ ընտանիքի մասը կազմելով՝ Աստվածապաշտ մարդը փորձում է հասկանալ իր անելիքն այս աշխարհի վրա, ինչպես նաև իր կյանքի քայլերն է փորձում գիտակցել և գծել:

Աստված ոչինչ ի վնաս մարդու չի արարել: Նա սիրում է մարդուն և նրա մահն ու կործանումը երբեք չի կամենում, Նա մարդու բարիքն է ցանկանում: Դավիթ թագավորն իր առաջին սաղմոսում ասում է. «Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին: Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան» (Սաղմոս 1:1-3): Այո՛, սիրելինե՛ր, պատվիրանապահությունը մարդու կյանքում կարգուկանոն սահմանելուց զատ, նրան օրհնություն է բերում, հաջողեցնում է նրա նախաձեռնած գործերը և ոչ թե նրան հետ է մղում: Ինչպես թվում է շատ-շատերին, Աստվածաշունչը հնացած իրողություն է և մարդկանց հետ է պահում արդի առաջադեմ գործընթացներից: Ընդհակառակը, քրիստոնյայի կյանքն ու ընթացքը առավել քան հետաքրքիր են ու կազմակերպված: Նա փորձում է, առանց մարդկային մոլությունների, հաղթահարելով մեղքերը, հասնել իր նպատակին ու բարիք արարել ոչ միայն սեփական անձի համար, այլև իր շուրջը:

Աստծո պատվիրանները հնչում են՝ կարգուկանոն հաստատելու մարդկային կյանքում: Մեծերից մեկն ասել է. «Տան պսակը Աստվածապաշտությունն է, գեղեցկությունը կանոնավորությունն է, օրհնությունը գոհունակությունն է»: Այդ կանոնավորությունն ու կազմակերպվածությունը տուն են ներմուծում շնորհներ, քանի որ, ինչպես երկրի վրա և երկնքում, այնպես էլ ընտանեկան հարկի ներքո, ամեն ինչ պետք է կարգուկանոնով ընթանա: Հետևաբար այն հնազանդությունը, որն Աստված մարդուն պատվիրում է դրսևորել, մարդու փրկության համար է, և միաժամանակ նպաստում է թե՛ ընտանիքում երջանկության ապահովմանը , թե՛ հասարակական հարաբերությունների ճիշտ կառուցմանն ու պահպանմանը: Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Հնազանդվեցե՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով: Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն Տիրոջը, որովհետև մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. և ինքն է Փրկիչը այդ մարմնի: Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում» (Եփեսացիներ 5: 21-24):

Անկախ այն բանից, որ մարդկային մեղքի պատճառով տիեզերակառույցի ներդաշնակությունը խախտվեց, այնուամենայնիվ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս եկավ՝ Իր զոհաբերությամբ այդ ներդաշնակությունը վերականգնելու: Մեղքերն ու հանցանքներն արգելող (հրաժարական), ինչպես նաև բարիք գործելու (հանձնառական) պատվիրանները աշխարհի կարգուկանոնի, արդարության և ճշմարտության հաստատման, մարդկային կյանքի խաղաղության ու երջանկության բաղադրիչ և անհրաժեշտ գործոններն են: Ուստի, սիրելի՛ հավատացյալ հայորդիներ, մաղթում եմ Աստվածաշնչյան պատվիրանապահությամբ վերահաստատել սեփական կյանքի կարգուկանոնը, անդորրն ու խաղաղությունը: Հնազանդությունը Տիրոջ պատվիրաններին՝ միմիայն մարդու փրկությանն է նպաստում, նրա ֆիզիկական և հոգևոր առողջությանը, մարմնի և հոգու ներդաշնակության հաստատմանը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում