Հայաստանը բազմաժանր գրականությամբ է ներկայացել Ֆրանկֆուրտի գրքի միջազգային փառատոնին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա միջազգային փառատոնում, որն անցկացվել է հոկտեմբերի 16-20-ը, Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական տաղավարում ցուցադրվել են հայ դասական և ժամանակակից գրողների բազմաժանր ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն:
Առանձին միջոցառմամբ տոնավաճառի այցելուներին ներկայացվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «4plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնի հեղինակած «Բացիկներ Արցախից» լուսանկարների շարքը: Լուսանկար-բացիկները նվիրված են Արցախին և արցախցիների առօրյա կյանքին։ Ցուցադրությանը ներկա է եղել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի հայկական տաղավար է այցելել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանը հանդիպել է հայ հրատարակիչների հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարներ:
Ամեն տարի հոկտեմբերին անցկացվող Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառն ամենախոշորն է Գերմանիայում: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն ամեն տարի հնարավորություն է ընձեռում շուրջ 300.000 այցելուների ծանոթանալ աշխարհի ավելի քան 100 երկրներից շուրջ 7300 հրատարակչությունների ներկայացրած գրականությանը, մասնակցելու քննարկումներին հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում