Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին նկարչուհու բազմաժանր գործերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարչուհի Նազիկ Ասլանյանի «Իրականության բացահայտումներ» խորագրով անհատական ցուցահանդեսում ներկայացված են կտավներ «Ծաղիկը», «Բնապատկերներ», «Իրականություն», «Արև», «Ծառերը» շարքերից: Նկարչուհու խոսքով՝ փորձել է բացահայտել իրականությունը լույսի, գույնի միջոցով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսը բացվեց հոկտեմբերի 21-ին Նկարիչների միությունում: Ներկայացված է ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ծնվել են վերջին երեք տարվա ընթացքում:
«Այս գործերում ներկայացրել եմ գեղանկարչական մի քանի մոտեցում. «Բնապատկեր» շարքում՝ նոր թվային տեխնոլոգիաների օգտագործումը դասական կտավ, յուղաներկի հետ: «Արև» շարքում թափանցիկ երեք շերտով ստացել եմ հետաքրքիր պատկեր, երբ կտավն իր լույս ու ստվերով լրացնում է ամբողջական կտավը», -նշեց Նազիկ Ասլանյանը:
Ասլանյանն ասաց, որ իրականությունն աբստրակտ նկարների շարք է, ծաղիկն իր համար անսպառ գունային, գծային գաղափարների աղբյուր է, իսկ արևը՝ կյանքի, հավերժության, լույսի աղբյուր:
«Ըստ իս՝ դիտողն ազատ է ստեղծագործություններն ընկալել այնպես, ինչպես ցանկանում է: Կտավին նայելով՝ մարդը ստեղծագործության համահեղինակ է դառնում, ունենում զգացումներ, որոնք միայն իրենն են», – շեշտեց նկարչուհին:
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ընդգծեց, որ Նազիկ Ասլանյանի յուրաքանչյուր ցուցահանդեսում նոր աշխարհ ես գտնում: «Նա մտածող, աշխատող և արարող նկարչուհի է, նորարարական ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում իր գործերում», – ասաց Սաֆարյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:
Նազիկ Ասլանյանն ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտը: 1998-2002 թվականներին որպես արվեստի պատմության դասախոս աշխատել է «Քվանտ» քոլեջում: Նկարչուհու ստեղծագործությունները հանրության լայն շրջանակին են ցուցադրվել 1997 թվականից:
Նա 20-ից ավելի ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և արտերկրում: Նազիկ Ասլանյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում և պատկերասրահներում, ինչպես նաև տեղ են գտել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուում: Նազիկի աշխատանքները տպագրվել են միջազգային հանրագիտարաններում և ալբոմներում: Ունի տպագրված աշխատանքների երեք անհատական կատալոգ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում