Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնը ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացվող «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը:
Կարևորելով պատանի արվեստագետների ինքնաարտահայտվելու անհրաժեշտությունը` Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվել է նոր հարթակ, որի նպատակն է պատանիներին առիթ ընձեռել՝ ներկայացնելու իրենց արվեստը, առանց տեսակի սահմանափակման: Հարթակի յուրաքանչյուր մասնակից 20-30 րոպեների ընթացքում տեսանյութի օգնությամբ ներկայացրեց իր պորտֆոլիոն, որին հաջորդեց քննարկում:
«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով: «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը հրաշալի առիթ է պատանիների փոխշփման, նոր տաղանդների բացահայտման, կապերի հաստատման, նոր համատեղ նախագծերի ստեղծման և իհարկե Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նոր անդամներով համալրման առումով», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Տաղանդներ ու հանճարներ հենց այնպես չեն հայտնվում, նրանց բոլորի կյանքում լինում է ինչ-որ մեկը, ով նրանց աջակցում է: Հաճելի է գիտակցել, որ այս պատանիների համար հենց մենք և Գաֆէսճեան կենտրոնը կլինենք այդ ինչ-որ մեկը, ով նրանց հնարավորություն կտա բացահայտել իրենց և մեծ հաջողությունների հասնել ապագայում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում