Գալուստ Սահակյան. Ես էն գործիչը չեմ, որ այստեղ կանգնեմ բամբասենք

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ինֆորմացված չէ օֆշորային սկանդալի հետ կապված բացահայտումներից և Աշոտ Սուքիասյանի՝ դատախազին ուղղված նամակից:

Aysor.am-ի հաղորդմամբ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  Գ. Սահալյանն ասել է, որ նույնիսկ չի էլ հավատում կազմակերպվող շոուներին: «Ես չեմ կարծում, որ վարչապետը, իսկապես, կապված է օֆշորային սկանդալի հետ: Դրանք բոլորը վարչապետի և կառավարության դեմ գործարքներ են, և ընդդիմությունն էլ փորձում է շրջանառության մեջ դնել ու որոշակի խնդիրներ լուծել»,- ասել է պատգամավորը:

Հարցին, թե Աշոտ Սուքիասյանի ինքնախոստովանութունը շոու չէ՞, Գ. Սահակյանը պատասխանել է, որ դա բանկային համակարգի հետ է կապված, և ինքը բանկերի հետ որևէ առնչություն չի ունեցել, որ իմանա’ դա միամիտ է, թե՝ ոչ. «Նայած ում ոնց է ձեռք տալիս: Ես ասում եմ, որ միամիտ չէ»:

Այնուամենայնիվ՝ ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ այս ամենն անհեթեթ հերյուրանքներ են՝ կապված վարչապետի անվան հետ, իսկ հասարակության մեջ քննարկվում են’ մեկը կհավատա, մյուսը, ըստ պատգամավորի, չի հավատա:

Ի պատասխան հարցի, թե ո՞ւմ ձեռքի գործը կարող է դա լինել, Գ. Սահակյանն ասել է, որ ինքը գաղտնի գործակալ չէ. «Ասում եք ինչ-որ Սուքիասյան ասել է, որ ինքն է արել, ուրեմն իր ձեռքի գործն է»:

Մեկ այլ աղբյուր` Panorama.am-ը գրում է, որ Գ. Սահակյանն ասել է. «Ես որևէ բան ոչ իրավունք ունեմ համարելու, ոչ էլ այդ ինֆորմացիային եմ տիրապետում, ոչ էլ հավատում եմ այդ շոուներին, որոնք կազմակերպվում է: Դա ավելի շուտ պետք է համապատասխան մարմիններին դիմեք»:

Լրագրողը հետաքրքրվել է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, օֆշորային պատմությունը Հովիկ Աբրահամյանի և վարչապետի միջև տարաձայնությւոնների արդյունք է, և հենց Հովիկ Աբրահամյանն էլ փորձում վարկաբեկել Տիգրան Սարգսյանին: «Ես էն գործիչը չեմ, որ այստեղ կանգնեմ բամբասենք: Ռեալ հարցեր տվեք, դրանք պարզապես ուղղվածություն ունեցող շոու սարքելու կամ քաղաքական շրջանառության մեջ ինչ-որ որոնումների խնդիր կարող է լինել: Իրականում որևէ բան տեղի ունեցած չի կարող լինել, որը իշխանությանը կվերաբերի կամ մասնավորապես, վարչապետին: Հովիկ Աբրահամյանն ու վարչապետը պայքարում են ինչ անեն», -պատասխանեց Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում