Առաջիկայում պատերազմներ կլինեն ոչ միայն հողի համար, այլ ջրի համար

Աշխարհում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են ընդամենը 1,5 մլրդ հեկտար եւ այդ տարածքների մոտավորապես 70%-ը ենթակա է անապատացման, եւ դրա 30%-ը անապատացվել է: Կլիմայի փոփոխությունը եւ մարդկային գործոնը բերում են նրան, որ հողերը անապատացվում, դեգրադացվում են, բերրիությունն ընկնում է: Հայաստանի տարածքում էլ հողերի 81%-ը անապատացման ենթակա է, սակայն միայն 25%-ն է, որ անապատացման երեւույթների վտանգի տակ է: Ինչպես գրում է Aravot.am-ը, այս մասին այսօր ասուլիսի յամանակ հայտարարեց ՄԱԿ-ի’ անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդեւանյանը:

Խոսելով Հայաստանում անապատացման վտանգների մասին՝ պարոն Վարդեւանյանը նկատեց, որ բացի չորայնությունից՝ այս մարզերի հինգ շրջաններ նաեւ աղակալման վտանգի տակ են: Այս տարածքներում հողերի 50 հազար հեկտարը աղազուրկ է, իսկ 30 հազար հեկտարը երկրորդային աղակալված են: Դրանց դեմ պայքարելու փորձված ճանապարհներից է դրենաժային համակարգերի կառուցումը:

Ըստ պարոն Վարդեւանյանի՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով եւ բազմաթիվ այլ ծրագրերով մաքրվել են դրենաժները: «Ասել, որ ոչինչ չի արվում անապատացման դեմ՝ կոռեկտ չի, ջրային համակարգերը վերանորոգվում են, ջրամբարերը վերանորոգվում են, մայր ջրատարերն են նորոգվում, արոտավայրերն են նորացվում: Վերջին տարիների ընթացում այս 30 հազարից 18 հազար հեկտարի վրա բնական արոտների հետ կապված 12 կմ ջրարբիացման համակարգ է վերականգնվել, 1300 հա դրենաժային համակարգեր են նորոգվել ման, 260 կմ ջրագիծ է վերականգնվել եւ այլն»:

Ըստ պարոն Վարդեւանյանի՝ նույն Արարատյան հարթավայրում մոտ 5000 հա աղուտ-ալկալային հողեր ունենք, ինչը նշանակում է, որ այդ հողերի հիմնային բաղադրությամբ են հարուստ եւ թթվային զանգվածը քիչ է: Խորհրդային ժամանակներում հիմնայնացման դեմ պայքարելու համար այդ հողերը լվանում էին ծծմբաթթվային լուծույթով, սակայն դա նույնպես անվտանգ չէր. «Ասել, այդ 5000 հեկտար աղուտ-ալկալի հողերը չեն օգտագործվում՝ կոռեկտ չի, այդ հողերում կենդանիներ են ապրում, բույսեր կան, չի կարելի էկոհամակարգը վերացնել»:

Այն հարցին, թե որո՞նք են անապատացման պատճառները՝ բացի բնակլիմայականից, այս հարցին ի պատասխան պարոն Վարդեւանյանը պատասխանեց. «Անապատացման առաջացմանը նպաստում են անտառհատումները, ոչ ճիշտ գյուղատնտեսության իրականացումը եւ գերարածեցումը: Գերարածաեցում տեղի է ունենում համայնքներին մոտ գտնվող տարածքներում, հեռավոր արոտավայրերում այդ վտանգը չկա»:

Ինչպես գրում է Panorama.am-ը, Հայաստանի տարածքի 25 տոկոսն անապատացման երևույթների վտանգի տակ է, իսկ 81 տոկոսը ենթակա է անապատացման: Բանախոսը նշեց, որ այդ ուղղությամբ որոշ քայլեր արվում են’ վերակառուցվում են ջրամաբարները, դրենաժային համակարգերը: «Անհրաժեշտ եմ համարում փոքր և միջին չափի ջրամբարների կառուցումը: Ինչքան շատ, այնքան մեր հարստությունն է», -ասաց բանախոսը:

Ըստ բանախոսի, Հայաստանը ջրային ռեսուրների առումով աղքատ չէ, բայց շռայլ է. «Առաջիկայում պատերազմներ կլինեն ոչ միայն հողի համար, այլ ջրի համար: Ջուրը թանկ ռեսուրս է»: Նա ընդգծեց, որ ջրային ռեսուրսների նկատմամբ առավել խնայողաբար պետք է լինել:

ՀԷԿ-երի առկայությունը լավ է, եթե, իհարկե, ճիշտ է օգտագործվում: Ասուլիսում նման դիտարկում արեց  Աշոտ Վարդևանյանը: Ըստ նրա, ՀԷԿ-երը չպետք է ամբողջ տարվա ընթացքում պտտվեն, այլ հատուկ ռեժիմ մշակվի’ եթե ջուրը շատ է, ձկների ձվադրման շրջանը չէ:

«ՀԷԿ-ի առկայությունը լավ է. մեր հանրապետությունը դարձնում է էներգետիկ առումով անվտանգ, մաքուր էլեկտրաէներգիա է արտադրվում: Եթե կարողանան հասնել նրան, որ ամեն մի ՀԷԿ իր ռժիմն ունենա, խնդիրներ չեն լինի»,- ասաց Ա. Վարդևանյանը: Իսկ դրան կարելի է հասնել, ըստ նրա, միայն վերահսկողության ճանապարհով:

Նա նշեց, որ կա վերահսկողություն, ուղղակի պետք է բարձր մակարդակի լինի, որպեսզի և ՀԷԿ-երը լինեն, և ձկները պաշտպանված լինեն, և էկոլոգիան մաքուր լինի:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը նույնպես ահազանգել էր, որ ՀԷԿ-երը խանգարում են ձկների ձվադրմանը’ ասելով. «ՀԷԿ-երը, որոնք գետերի հուների վրա են կառուցված, պետք է աշխատեն այնպիսիս ռեժիմով, որպեսզի ձկները գնան ձվադրման»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում