Ադրբեջանը չի կիսում միջնորդների մտահոգությունները
Նմանատիպ
«Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «վերջին չորս տարիներին համանախագահ երկրների ընդունած հայտարարություններում ընդգրկված դրույթները անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջականություն, քանի որ ցանկացած փորձ նախապատվությունը տալ դրանցի մեկին, անտեսելով մնացածը, կբացառի հավասարակշռված լուծում գտնելու հնարավորությունը»:
Համանախագահ երկրներն այս անգամ ևս ստիպված են շեշտել այս հանգամանքը, քանզի Ադրբեջանը, որպես կանոն, իր պաշտոնական հայտարարություններում հղում է անում առաջարկվող փաթեթի բացառապես 1-2 դրույթին:
Համանախագահ երկրները նաև «հորդորում են զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում սրել լարվածությունն ու բերել հակամարտության էսքալացիայի: Ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի»: Ադրբեջանի կողմից, շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների իրականցման մերժումը, սպառազինությունների մրցավազքի հրահրումն ու կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարությունները, անշուշտ սրում են տարածաշրջանային իրավիճակը, ինչն իսկապես հղի է վտանգավոր հետևանքներով:
Այս տեսանկյունից, պատահական չէ, որ հայտարարության մեջ նաև կոչ է արվում «կողմերին մեկ անգամ ևս հաստատել իրենց հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ»:
Ինչ վերաբերում է ժողովուրդների’ խաղաղության պատրաստելուն, ապա բոլորի համար էլ ակնհայտ է, որ Ադրբեջանը «չի կիսում» միջնորդ երկրների մտահոգությունները՝ հայատյացություն, թշնամություն սերմանելով, իր ժողովրդին պատրաստում պատերազմի:
Համանախագահ երկրները հաստատում են, որ «բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության և հաշտեցման, ճանապարհ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»: Հայտարարության այս հատվածը, կարծես թե, յուրօրինակ պատասխան է նաև Ադրբեջանի կողմից վերջերս հնչած «առաջարկին», երբ վերջիններս «պատրաստակամություն էին հայտնում» գազ վաճառել Հայաստանին:
Փաստաթղթում շեշտվում է, որ միայն խաղաղությունը, կայունությունն ու հաշտեցումը կարող են ճանապարհ բացել տարածաշրջանի երկրների համագործակցության համար: Սրանով միջնորդները նաև հասկացնում են, որ խորապես գիտակցում են Ադրբեջանի «նախաձեռնության» ողջ էությունը՝ ընդգծելով, թե քանի հակամարտությունը խաղաղ ճանապարհով չի կարգավորվել, այդ առաջարկությունն անիրատեսական է:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Aysor.am-ի փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում