Հայկական ասեղնագործության դպրոցների նմուշներն ընդգրկվել են «Փրկեալ ձեռագործ հայոց» ցուցահանդեսում

Հայկական ասեղնագործության դպրոցների նմուշներն ընդգրկվել են «Փրկեալ ձեռագործ հայոց» ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստվածաբան, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի` արևմտահայոց ձեռագործի անձնական հավաքածուն ներառում է Վանի, Ուրհայի, Մարաշի, ինչպես նաև հայերի կողմից ժամանակին լայնորեն օգտագործվող այլ կարի տեսակներով հարուստ ասեղնագործական բացառիկ ցուցանմուշներ: Աշխատանքները` սրբիչներ, սավաններ և այլ կենցաղային իրեր, որոնք ստեղծվել են 1650-1915 թվականներն ընկած ժամանակահատվածում, ներկայացված են «Փրկեալ ձեռագործ հայոց» ցուցահանդեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Լրագրողների հետ զրույցում Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմեց, որ ասեղնագործ բացառիկ նմուշները մեկտեղելու հետաքրքրության առիթներից մեկը եղել է այն, որ իր տանը հայտնաբերել է հայկական ձեռագործի մի քանի պատառիկ: Դրանք իր պապից` նկարիչ Հովհաննես Շարամբեյանից ժառանգած գործեր են:

«Երբ ձեռքս առա դժվար ուղի անցած նմուշները, որոշեցի ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչպես են դրանք մատուցվում միջազգային աճուրդներում: Պարզվեց`առհասարակ հայկական բառը չի նշվում: Այդ աշխատանքները ներկայացվում են, որպես օսմանական, թուրքական, երբեմն` հունական: Ցանկացա գնել դրանք տարբեր վաճառասրահներից, մասնավոր հավաքածուներից, բերել Հայաստան և ցուցադրել այստեղ»,-նշեց Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Նա շեշտեց, որ հրատարակել են գիրք, որում զետեղվել է ցուցանմուշների մի մասը, մյուս մասը ցուցահանդեսում է ներկայացված:

«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք առանց որևէ մեկին հաշվետու լինելու ասել, որ ցուցադրում ենք մեր նախնիների ժառանգությունը, և շատ կարևոր է, որ հանրությունը դա իմանա», – շեշտեց նա:

Ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանն անդրադարձավ մերօրյա ձեռագործ աշխատանքներին և ընդգծեց, որ վերջին տասը տարվա ընթացքում ասեղնագործության նկատմամբ վերաբերմունքը շոշափելիորեն փոխվել է. ձեռագործ աշխատանքների նկատմամբ մեծ հետաքրքրության առաջացմանը նպաստել են դրանց մասին հրատարակված գրքերը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների`մշակութային միությունների, հիմնադրամների գործունեությունը: «Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում ասեղնագործության դասընթացներ կան: Ասեղնագործությունը կիրառում են տարազներ, տարբեր հագուստներ կարելիս: Ժամանակակից ասեղնագործության ցուցադրություններ են իրականացնում, հագուստի ցուցադրություններում են օգտագործում ավանդական ասեղնագործությունը», – նշեց ազգագրագետը:

Նրա խոսքով` աշխարհը փոխվում է, ժամանակները փոխվում են, նոր հետաքրքիր երևույթները կյանքում շատանում են և երբեմն թվում է, թե հին ավանդական զբաղմունքները կարող են մոռացվել: «Բարեբախտաբար, ասեղնագործությունը շարունակում է ապրել ու զարգանալ», – եզրափակեց Թոքմաջյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 23-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում