Սբ. Եփրեմ Ասորի, «Հանձինս Մարիամի իրականացան մարգարեների ու արդարների խոսքերը»
Նմանատիպ
[…] Հայացքներդ ուղղեցեք Մարիամին։ Երբ Գաբրիելը մտավ նրա մոտ և սկսեց խոսել նրա հետ, նա հարցրեց. «Ինչպե՞ս կկատարվի դա»։ Եվ Սուրբ Հոգու ծառան պատասխանեց նրան, ասաց. «Դա հեշտ է Աստծո համար, որովհետև Նրան ամեն բան հնարավոր է»։ Եվ նա, հաստատապես հավատալով լսածին, ասաց. «Ահա՛ Տիրոջ աղախինը»։ Եվ իսկույն Բանը (*) իջավ, թևածեց նրա վրա այնպես, ինչպես Իրեն հաճո էր, մտավ նրա մեջ և նրա մեջ հաստատեց Իր բնակությունը, առանց նրա կողմից որևէ կերպ զգալի լինելու։ Այսպես հղացավ Նրան, առանց որևէ տառապանքի. և իր արգանդում Նա դարձավ մի մանուկ, մինչ աշխարհն ամբողջ լի էր Իրենով։ Նա մի կողմ դրեց Իր կերպարանքը՝ նորոգելու համար Ադամի կերպարանքը, որն այդքա՜ն հնացել էր։ Հետևաբար, երբ դու լսում ես խոսքեր Աստծո ծննդյան մասին, մնա՛ լուռ. այն, ինչ Գաբրիելն ասաց, թող դրոշմված մնա քո հոգում։ Ոչինչ չափազանց դժվար չէ այն վսեմագույն վեհության համար, որը մեր համար խոնարհվեց մեր մեջ և մեզնից ծնվելու աստիճան։
Մարիամն այսօր մի երկինք է մեր համար, որովհետև կրում է Աստծուն։ Բարձրագույն Աստվածությունն, արդարև, խոնարհվել և նրա մեջ է հաստատել Իր բնակությունը. նրա մեջ կամովին փոքրացել է՝ մեծ դարձնելու համար մեզ, քանի որ, Իր բնության համաձայն, Նա փոքր չէ. նրա մեջ [մարմնով] զգեստավորվեց մեր համար, որպեսզի այդպիսով իրագործվեր մեր համար փրկությունը։ Հանձինս Մարիամի իրականացան մարգարեների ու արդարների խոսքերը։ Նրանից ծագեց մեր համար Լույսը և հեթանոսության խավարն անհետացավ։ Նա բազմաթիվ անուններ ունի, և իմ համար ուրախություն է իրեն այդ անուններով դիմելը։ Ամրոցն է, ուր բնակվում է հզոր արքայից Արքան։ Բայց նրանից դուրս չեկավ այնպիսին, ինչպիսին ներս էր մտել. նրա մեջ զգեստավորվեց մարմնով և այդպես դուրս եկավ նրանից։ Նաև մի նոր երկինք է, որովհետև այդտեղ է բնակվում արքայից Արքան, որ մտավ նրա մեջ և ապա նրանից դուրս ելավ արտաքին աշխարհի նմանությամբ զգեստավորված։ Նա մի որթատունկ է, որ իբրև պտուղ տվեց մի ողկույզ, բայց ո՛չ [իր իսկ] բնության համաձայն. և ողկույզը որթատունկից տարբեր բնություն ունենալով, ստանձնեց նրա գույնը և այդպես դուրս ելավ նրանից։ Նա աղբյուրն է, որից բխում է կենդանի ջուրը ծարավյալների համար. նրանք, ովքեր ճաշակեցին այս ըմպելին, պտղաբերում են հարյուրապատիկը մեկի փոխարեն։
Այս օրն, ուստի, արարչության առաջին օրվա նման չէ։ Այն օրվա մեջ արարածները կանչվեցին գոյության. այս օրվա մեջ երկիրը նորոգվեց և օրհնվեց Ադամի համեմատ, որի պատճառով անիծվել էր։ Եվան ու Ադամը մեղքով մահը բերեցին աշխարհ, բայց աշխարհի Տերը Մարիամի մեջ տվեց մեզ մի նոր կյանք։ Չարագործը, օձի միջոցով, թույնը լցրեց Եվայի ականջի մեջ. Բարեգործը, մինչդեռ, խոնարհվեց Իր ողորմությամբ և ականջի միջոցով մտավ Մարիամի մեջ։ Այն նույն դռնով, որով մտել էր մահը, մտավ նաև կյանքը, որ սպանեց մահվանը։ Եվ Մարիամի բազուկները կրեցին ճիշտ Նրան, որի ոտքերի պատվանդանն են քերովբեները. այն Աստվածը, որին տիեզերքը չի կարող պարունակել, Մարիամը Նրան գրկեց և իր գրկում կրեց։ Թագավորը, որի առաջ դողում են հրեշտակները՝ հրեղեն ու հոգեղեն արարածները, պառկած է Կույսի գրկում, որը Նրան շոյում է փոքրիկ մանկան նման։ Երկինքը Նրա վեհության գահն է, և Նա նստում է Մարիամի ծնկների վրա։ Երկիրը Նրա ոտքերի պատվանդանն է, և Նա Մարիամի շուրջը ցատկոտում է երեխայի նման։ Նա Իր պարզած ձեռքով նշում է նյութի սահմանը (**), և երեխայի նման տոտիկ-տոտիկ վազվզում է [հողի] փոշու վրա։
Երջանի՜կ ես, Ադամ, որ Քրիստոսի ծննդյան մեջ վերագտար կորցրածդ փառքը։ Ո՞վ է երբևէ տեսել, որ կավը որպես զգեստ ծառայի կավագործի համար։ Ո՞վ է երբևէ տեսել, որ կրակը փաթաթվի խանձարուրով։ Ա՜յդ աստիճան խոնարհվեց Աստված ի սեր մարդու։ Ա՜յդ աստիճան խոնարհվեց Աստված ի սեր Իր ծառայի, որն անմտորեն գոռոզացել էր և, մարդասպան չարագործի խորհրդին հետևելով, ոտնակոխ էր արել աստվածային պատվիրանը։ Նա, ով տվել էր պատվիրանը, խոնարհվեց՝ մեզ վեր բարձրացնելու համար։ Շնորհիվ աստվածային ողորմության, որ խոնարհվեց երկրի բնակիչների վրա, որպեսզի հիվանդ աշխարհը բուժվեր իր վրա հայտնված Բժշկի ձեռքով։ Փառաբանությո՜ւն Նրան, և Հորը, որ առաքեց Նրան. և փառաբանությո՜ւն Սուրբ Հոգուն, ընդմիշտ, ի հավիտյանս հավիտենից, անվախճան։ […]
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(**) Տառացի՝ փոշու չափը։
Սբ. Եփրեմ Ասորու (306-373) «Քրիստոսի Ծննդյան օրհներգ»ից, 1.
Աղբյուր՝ Mashtoz.org