Ընթերցասերներին ներկայացվեց Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին նվիրված «Միայնակ մեծություն» գիրքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիլվա Կապուտիկյան. Միայնակ մեծություն» գրքում զետեղվել են բանաստեղծություններ հեղինակի «Մեծ սիրո մասին», «Հարազատներին», «Իմ Հայաստանը», «Մտորումներ» շարքերից: Կապուտիկյանի լավագույն գործերը ներկայացվել են հայերենով և ռուսերենով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին:
«Ներառել եմ այն ստեղծագործությունները, որոնք շատ եմ հավանում, բայց գիրքը կարող էր ավելի ծավալուն ստացվել, եթե սահմանափակումներ չլինեին: Կապուտիկյանի գործերը թարգմանել են այնպիսի պոետներ, ինչպիսիք են Ալիգերը, Ախմադուլինան և այլք: Նրանք կարողացել են հասկանալ Սիլվայի բանաստեղծությունն ու ռուսերենով հաղորդել դրանց ոճն ու մեղեդին»,-նշեց գրքի կազմող, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանը:
Նրա խոսքով` Կապուտիկյանը մեծ պոետ է: «Կապուտիկյանի բառերը, տողերը հոգուց են բխում»,-շեշտեց Հարությունյանը:
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանն էլ ընդգծեց, որ Կապուտիկյանը շատ բանիմաց էր, իմաստուն: «Կապուտիկյանը ճանապարհորդում էր այն երկրներով, որտեղ հայաշատ համայնքներ կան, նա կապ էր պահպանում հայերի հետ, հայրենասիրություն քարոզում արտերկրում»,-նշեց Դեմիրճյանը:
Շնորհանդեսին բանաստեղծի ստեղծագործություններն ընթերցեցին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Խաչատրյանն ու Լիլիա Մկրտչյանը:
Գիրքը լույս է ընծայել «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը: Կենտրոնի հրատարակած առաջին գիրքը լրագրող Լևոն Ազրոյանի «Հույժ վտանգավոր է Ռայխի համար» գիրքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում