Վահագն Դավթյան․ Կանչ
24/10/2019 19:14
Նմանատիպ
Ու ես ասում եմ. – Կանգնիր, առավո՛տ,
Ես էլ եմ գալիս,
Այնպես է թվում, թե հեռու-հեռվից
Ինձ ձայն են տալիս։
Ու ես չգիտեմ, դա անլսելի
Զնգո՞ցն է քարի,
Շշո՞ւկը հողի, թե՞ սոսափյունը
Սոսյաց անտառի։
Ու ես չգիտեմ, անդունդում կորած
Գե՞տն է տվայտող,
Թե՞ հին խաչքարից ինձ ձայն է տալիս
Մամռոտած մի տող։
Լռությո՞ւնն է դա ճգնակեցությամբ
Ապրող անձավի,
Թե՞ կաթիլ-կաթիլ մորմոքն է քամվում
Հնամյա ցավի։
Գուցե լեռներում վարգում է մի որբ,
Տխուր հովատակ,
Եվ կապույտի մեջ փշրվում է խուլ
Վրնջոցը տաք։
Կամ գուցե, գուցե դա դարեր առաջ
Ինձանից զատված
Իմ իսկ ղողանջն է, որ ետ է դառնում
Մաքուր ու զատված։
Այդ կանչերի մեջ մի կորած, հեռու
Աշխարհ է լալիս։
Ու ես ասում եմ. – Կանգնիր, աոավո՛տ,
Ես էլ եմ գալիս։