Խաչիկ Դաշտենց․ Արբեցում
Նմանատիպ
Այդ աչքերով խորունկ ու ալեկոծ,
Այդ հայացքով վսեմ ու դյութական,
Այդ մազերով ծփուն ու անհատնում,
Օ դու աշխա՜րհ, աշխա՜րհ կախարդական: …
Օ, դու արո՜տ, լցված բարիքներով,
Օ, տափաստա՜ն, բեղուն դու արոտից,
Դողդողում եմ կանգնած ես քո դիմաց
Հիացմունքից, սիրուց ու կարոտից:
Որքան խոտ կա այստեղ, օ՜, որքան խոտ,
Որքան ծաղիկ վայրի, որքան կանաչ,
Որքան կակաչ կարմիր, որքան բույսեր,
Ինձ անծանոթ, անհայտ ու անճանաչ…
Ես դեռ որքան, որքան պիտի ուսեմ,
Ծաղկից ծաղիկ գնամ մանկան նման,
Ու թփից թուփ անցնեմ բազկատարած,
Հիացմունքից դողամ, ուրախանամ…
Մինչ ճանաչեմ ես քեզ, մինչ չմնա
Ինձ անծանոթ մի թուփ, խոտ մահացու.
Ես քո գիրկն եմ նետվում, օ՜ տափաստան,
Ով շողշողո՜ւն, արձակ տարածություն:
Կգա՜մ. թեկուզ հենց նույն մանկան նման
Քո խորքերից գուցե տուն չդառնամ,
Խոր խճճվեմ վայրի քո թփերում,
Քո շողշողուն գրկում անհետանամ…
Վրնջում է ամե՛ն, ամե՛ն մի ձի
Տափաստանին հեռվից մոտենալիս.
Իսկ ես երգ եմ երգում, շռայլ արոտ,
Ես երգով եմ գալիս…
1936
Հետևեք մեզ նաև Telegram-ում