Նոր թատերական խոսք, նոր ոճ. Համազգային թատրոնում բեմադրվել է Ֆլորիան Զելլերի հանրահայտ «Սուտ» պիեսը

Նոր թատերական խոսք, նոր ոճ. Համազգային թատրոնում բեմադրվել է Ֆլորիան Զելլերի հանրահայտ «Սուտ» պիեսը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի «Սուտ» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը համալրել է Հայազգային թատրոնի խաղացանկը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Սաթէ Խաչատրյանն ասաց, որ նախկինում անդրադարձել են հեղինակի այլ պիեսների, որոնք դուր են եկել թատերասերներին: «Հանդիսատեսը պատրաստ է ընդունել նոր երկեր, նոր ոճ, նոր թատերական խոսք: Այս դրամատուրգի ձեռագիրը թարմ է: Նա ունի հետաքրքիր գործեր՝ ոդևիլներ, բուլվարային թատրոնին հատուկ ստեղծագործություններ: Նրա կերպարները շատ ավարտուն են, դրամատիզմով, հումորով լեցուն»,-նշեց բեմադրիչը:

Խոսելով դերասանների հետ համագործակցության մասին՝ նա ընդգծեց, որ ցանկացած ռեժիսորի համար բախտավորություն է աշխատել լավ դրամատուրգիական երկի վրա և կրկնակի բախտավորություն է, երբ բեմադրիչն ունի հնարավորություն համագործակցել պրոֆեսիոնալ դերասանների հետ, քանի որ ներկայացման հաջողությունը պայմանավորում են այդ երկու կարևոր գործոնները:

«Մենք երբեմն մոռանում ենք, որ թատրոնն առաջին հերթին դերասանի արքայությունն է: Դերասանական դուետի, որը ես հաճախ անվանում եմ դուել, խոսքը Նարինե Գրիգորյանի և Դավիթ Հակոբյանի մասին է, խաղը գերագույն հաճույք է պատճառում հանդիսատեսին: Մարիա Սեյրանյանն ու Սերգեյ Թովմասյանը, որոնք պակաս դրվագներում են ներգրավված, կարողանում են տպավորել թատերասերին»,-նշեց Սաթէ Խաչատրյանը:

Ֆլորիան Զելլերը 2011 թվականին գրված և մեծ հաջողություն ունեցած «Ճշմարտություն» պիեսից հետո գրում է «Սուտ»-ը։ Երկու պիեսներն էլ գրվել են ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Արդիտիի համար։ Երկուսում էլ հերոսները կրում են նույն անունները։ Փոլը, Ալիսը, Միշելն ու Լորանսը ամուսիններ են և մտերիմ ընկերներ։ Եթե առաջինում Զելլերը փորձում է ներկայացնել ճշմարտության անհնարինությունը, երկրորդում սուտը դառնում է ճշմարտությունն ասելու խայծ, որից անհնար է խուսափել։ Ստի գովքն անող և նրա կարևորությունն ամենայն պատասխանատվությամբ ընդգծող Պիեռը շատ արագ զղջում է թե՛ ստի, և թե՛ ճշմարտության համար։ Օդից կախված է մնում փիլիսոփայական մի հարց՝ արդյոք կարելի՞ է ճշմարտությունն ասել սեփական կնոջը:
Նույն հեղինակի «Ճշմարտություն» պիեսը Համազգային թատրոնի խաղացանկում է նախորդ թատերաշրջանից:

Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Մարիա Սեյրանյանը, Սերգեյ Թովմասյանը: Նկարիչը Էդուարդ Հակոբյանն է, իսկ զգեստների նկարիչը՝ Էդ Մանը:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում