Վեց ամիս առաջ չգիտեի՞ք, որ բարձրանալու է գազի և էլեկտրաէներգիայի գները.Ա. Մինասյանը` կառավարությանը

Այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» ԱԺ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին հիշեցրեց կառավարությանն արված իրենց նախագիծը, որով առաջարկում էին նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ և որը կառավարությունը մերժել էր: «Մարդն անորոշության մեջ չէր հայտնվի, չէր մտածի՝ կարո՞ղ է հանկարծ կառավարությունը բերի 10 տոկոսով, 20 տոկոսով, 50 տոկոսով բարձրացում կամ ընդհանրապես չբարձրացնի: Սա ամենավատ բանն է, երբ մարդն իր ապագայի մեջ անորոշություն է տեսնում»,- Panorama.am-ի փոխանցմամբ` խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավորը:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով, հուլիսի 1-ից 10 հազար դրամով կբարձրացվի միայն մինչև 45 հազար դրամ ստացողների աշխատավարձը: Աշխատավարձերի ընդհանուր բարձրացումներին կառավարությունը խոստանում է անդրադառնալ 2014 թվականի հունվարի 1-ից:

Արծվիկ Մինասյանը հիշեց, որ կառավարությունն իրենց նախագիծը մերժեց այն պատճառաբանությամբ, որ դրա արդյունքում կմեծանա ստվերային տնտեսությունը, աշխատողները չեն ձևակերպվի, գործարարները աշխատավարձերի բարձրացում փաստացի չեն իրականացնի: «Ի՞նչ արեց կառավարությունը, մերժեց և հիմա բերում է այս նախագիծը և անունը դնում է, թե իբր միջանկյալ լուծում են տալիս: Իրականում, հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, կառավարությունը ոչ թե միջանկյալ լուծում է տալիս, այլ սրանով ևս մեկ անգամ հաստատում իր անգործությունը և անհետևողական քաղաքականությունը»,- հայտարարել է դաշնակցական պատգամավորը:

Արծվիկ Մինասյանն իր ելույթում հարցադրումներ է արել կառավարությանը. «Վեց ամիս առաջ չգիտեի՞ք, որ բարձրանալու է գազի և էլեկտրաէներգիայի գները, չգիտեի՞ք, որ բնականոն գնաճ է տեղի ունենալու, չգիտեի՞ք, որ աղքատության ցուցանիշը մեծանալու է: Եթե գիտեիք, էն ժամանակ անեիք, իսկ եթե չեք արել էն ժամանակ, հիմա բերել եք տարվա կեսից նվազագույն աշխատավարձի բարձրացում եք իրականացնում, որքան էլ որ դրական է, տնտեսական քաղաքական տեսակետից, սա սխալ մոտեցում է: Դնել տարվա կեսից խաղի կանոն փոխել, էն էլ անհասկանալի սկզբունքներից ելնելով, պարազապես չեմ կարող բնութագրել, թե ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացնում մեր երկիրը: Այ մարդ, վերցնեիք, մեր առաջարկը ձեզնով անեիք, անունը դնեիք, որ կառավարության առաջարկն է, բայց իրանականացնեիք այդ առաջարկը»:

Երբ Մինասյանի ելույթի ընթացքում նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ «անում են, անում են», Մինասյանը արձագանեց. «Չեն անում, Հովիկ Արգամիչ, չեն անում, հակառակն են անում: Հակառակն են անում, մենք դրա համար ենք վրդովվում»:

Տնտեսագետ Մինասյանը վստահ է’ թեպետ դրական տարր կա նախագծի մեջ’ աշխատավարձ է բարձրանում, բայց այնուամենայնիվ, դա բացասական հետևանք կունենա տնտեսության վրա, որովհետև անհետևողական է դառնում այդ քաղաքականությունը և նոր լրացուցիչ բեռի տակ կգցի տնտեսվարող սուբյեկտներին և համայնքային բյուջեները: Պատգամավորը նկատեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը: «Դուք եկել եք, աղքատության հաղթահարումից եք խոսում, ինչի՞ց եք խոսում, անհասկանալի է»,- կառավարության անդամներին դիմելով հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում