Սուրբ Խաչի գտնվելու տոնը
Նմանատիպ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված ունի չորս տոներ՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:
Խաչի գյուտի (գտնվելու) տոնը նշվում է հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակի օրը:
Ապավինեցաք ի խաչ քո Արարիչ յավիտենից, որ ետուր մեզ պահապան յաղթող ընդդեմ թշնամւոյն. աղաչեմք սուավ Փրկիչ պահպանեա զանձինս մեր:
Շարականագիրը Գյուտ Խաչին նվիրված այս շարականում շեշտում է Սուրբ Խաչի պահպանիչ զորությունը ընդդեմ չարի:
Խաչի գյուտը տեղի է ունեցել երկու անգամ՝ I-ին և IV-րդ դարերում:
Երբ Խաչը առաջին անգամ գտնվեց
Քրիստոսի երկինք համբարձվելուց հետո Սուրբ Խաչն անխնամ մնաց Գողգոթայում: Այդ վայրում կաղ մի երեխա խաղալիս պատահաբար դիպչում է Խաչափայտին և անմիջապես բժշկվում: Փոքրիկը մեծ ուրախությամբ օրհնում է Աստծուն և գոհանում: Այս դեպքից հետո շատ հիվանդներ են բժշկվում Խաչափայտի միջոցով: Դրանից հետո Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը վերցնում է իր մոտ:
Խաչի թշնամիները՝ հրեաները, տարբեր միջոցներով շատ անգամ էին փորձում ծածկել Խաչի զորությունը, բայց ապարդյուն: Մի անգամ Հակոբոսից հափշտակեցին Խաչափայտը և դրեցին Երուսաղեմի տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որտեղ մշտապես ողորմություն խնդրող մի անդամալույծ Խաչի զորությամբ բժշկվեց: Այդտեղ բժշկվեց նաև մի բորոտ:
Հետո հրեաները Խաչը տանում են Տիրոջ գերեզման և մի վեմով փակում: Տեսնելով վեմի ճեղքերից հորդող հրաշալի լույսը և Տիրոջ գերեզմանին այցելած նեղյալների բժշկությունը՝ Ափրոդիտեի պատկերն են կանգնեցնում վեմի վրա, որպեսզի ժողովուրդը կարծի, թե Ափրոդիտեն է նրանց բժշկում:
Այդ օրերին Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, իր որդիների ու դուստրերի հետ Հռոմից գալիս է Երուսաղեմ` երկրպագելու տերունական վայրերին: Նա դարձի էր եկել Սուրբ Պետրոս առաքյալի միջոցով: Թագուհին Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ, այցելում է Տիրոջ գերեզմանին, այն մաքրելուց հետո գտնում է Տիրոջ Աստվածընկալ Խաչափայտը, դրված ավազակների խաչափայտերի հետ միասին: Իր ուրախության պահին նրա դուստրերից մեկը հանկարծամահ է լինում: Սուրբ Հոգու ազդեցությամբ նրանք մահացածի վրա հաջորդաբար դնում են խաչափայտերն ու աղոթում: Ձախակողմյան ավազակի խաչափայտից ոչ մի օգուտ չի լինում, իսկ աջակողմյան ավազակի խաչափայտի ազդեցությամբ բացվում է միայն արքայադստեր աջ աչքը: Իսկ երբ մահացածի վրա դնում են Տիրոջ Խաչափայտը, արքայադուստրն անմիջապես կենդանանում է, և ներկաները, տեսնելով հրաշքը, խոնարհվում են ու երկրպագում կենարար Խաչափայտը:
Այսպիսով գտնվում է Քրիստոսի Խաչափայտը: Ապա թագուհին խաչափայտը հանձնում է Հակոբոս Տյառնեղբորը և փոխարենը կենարար փայտից մի մասունք խնդրում, որը գոհությամբ վերցնելով` գնում է Հռոմ: Նվիրական Խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով և իր հետ այն բերում է Հայաստան:
Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը պահում է եկեղեցում և Ծաղկազարդի տոնից սկսած մինչև սեպտեմբերի 14-ը, ամեն կիրակի` առավոտյան և երեկոյան, այն դուրս է բերում, բարձրացնում ու ասում. «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմք…»: Որից հետո Խաչափայտը դրվում էր եկեղեցու սրբարանում` մինչև հաջորդ Ծաղկազարդը:
Երբ Հռոմի կայսեր է դառնում Ներոնը, մեծ հալածանքներ է սկսվում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաներն էլ, օգտվելով առիթից, սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, մի խոր փոսի մեջ, և այդ տեղը վերածում աղբանոցի: Խաչափայտն այդտեղ մնում է շուրջ երեք հարյուր տարի` մինչև Կոստանդիանոս բարեպաշտ կայսեր ժամանակները, երբ եկեղեցին խաղաղություն է գտնում:
Երբ Խաչը երկրորդ անգամ գտնվեց
313 թ. Միլանի հրովարտակով Հռոմեական կայսրության տարածքում քրիստոնյաներին արտոնություն է տրվում իրենց կրոնն ազատ դավանելու: Երուսաղեմը դառնում է ուխտավայր, և ամեն կողմից գալիս են սրբազան վայրերը տեսնելու:Կոստանդիանոս կայսեր մայրը`Հեղինեն, շատ բարեպաշտ կին էր, և Աստված նրան մեծ պատվի արժանացրեց: Մի օր տեսիլքի ձևով Աստված հայտնվեց նրան և ասաց. «Գնա՛, գտի՛ր Քրիստոսի Խաչափայտը և այդ վայրում տաճար կառուցի՛ր»: Հեղինե թագուհին 327թ-ին գալիս է Երուսաղեմ և մեծ ջանքեր գործադրելով`ցանկանում է գտնել Քրիստոսի Խաչը: Խաչափայտի տեղը հայտնի էր միայն Հուդա անունով մի հրեայի, ով իր նախնիների գրավոր ավանդություններից գիտեր խաչերի թաղման վայրը: Սկզբում նա ընդդիմանում է և վեց օր ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո, ի վերջո, ցույց է տալիս խաչերի թաղման տեղը: Փորելով`դրանք հանում են աղբի տակից, գտնվում է անգամ Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերևում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված էր խաչից: Քրիստոսի խաչը որոշվում է կատարված հրաշքների շնորհիվ. Խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի և հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում, որոնց թվում նաև Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար: Այդ ժամանակ Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը բարձրացնում է Սբ. Խաչը ի երկրպագություն հավատացյալների: Հեղինե թագուհու կողմից 335թ-ին Գողգոթայում կառուցվում է Սբ. Հարություն տաճարը, որտեղ և կանգնեցվում է Քրիստոսի Խաչը:
Սուրբ Խաչը ընդունելով որպես փրկության և հաղթության նշան՝ յուրաքանչյուր քրիստոնյա Սբ. Գրիգոր Տաթևացու խոսքերով դիմում է Խաչյալին՝ ասելով. «Երբ լուսավոր ամպերի վրա երևաս Հոր փառքով, Քո խաչը մեզ ապավեն թող լինի, Տե՛ր Հիսուս: Այն ժամանակ մենք՝ Քեզ ապավինածներս, չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ, որպես լույսի որդիներ, կբերկրենք Քո աջ կողմում: Ամեն»:
Կազմեց Կարինե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում