Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արևելքի Ասորի Եկեղեցու պատվիրակությանը
Նմանատիպ
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելքի Ասորի Եկեղեցու պատվիրակությանը՝ առաջնորդությամբ Արևելքի Ասորի Եկեղեցու պատրիարքարանի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու, Կալիֆորնիայի (ԱՄՆ) Արևելքի Ասորի Եկեղեցու առաջնորդ և Սինոդի քարտուղար եպիսկոպոս Մար Ավա Ռոյելի: Պատվիրակության կազմում էին Իրանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մար Նասսայ Բենիամինը, Մելբուրնի և Նոր Զելանդիայի եպիսկոպոս Մար Բենիամին Էյան և Հայաստանում Արևելքի Ասորի Եկեղեցու սպասավոր Հայր Նիկոդեմոս Ցուխանաևը:
Հանդիպմանը Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին: Ապա Արևելքի Ասորի Եկեղեցու Սինոդի քարտուղար եպիսկոպոս Մար Ավա Ռոյելը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Արևելքի Ասորի Եկեղեցու Նորին Սրբություն Գիվարգիզ Գ Սլիվա Կաթողիկոս-Պատրիարքի ողջույնները և գրությունը, որով Կաթողիկոս-Պատրիարքի և Եկեղեցու Սուրբ Սինոդի անունից պաշտոնապես տեղեկացվում է, որ Էրբիլում (Իրաք) 2019 թ. մայիսի 13-19-ը Նորին Սրբության նախագահությամբ տեղի ունեցած Սինոդի ժողովի ժամանակ Արևելքի Ասորի Եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր փոխադարձ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Արևելքի Ասորի Եկեղեցու պետին: Երախտագիտություն արտահայտելով Արևելքի Ասորի Եկեղեցու հովվապետի և Սուրբ Սինոդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբին հայերի դեմ գործված ոճրագործության դատապարտման կարևորությանը` հավելելով, որ Քույր Եկեղեցիները ևս ճանաչել ու դատապարտել են այն:
Հանդիպմանը Նորին Սրբությունը հաստատեց նաև, որ առիթներ ունեցել է այցելելու Հայաստանի ասորական տարբեր համայնքներ և շփվելու համայնքների անդամների հետ` ընդգծելով, որ վերջիններս պահպանում են իրենց լեզուն և մշակութային առանձնահատկությունները:
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվեց Արևելքի Ասորի Եկեղեցու պատմությամբ և մերօրյա առաքելությամբ, Եկեղեցու հովվական իշխանության ներքո գտնվող աշխարհասփյուռ համայնքներով և տարբեր երկրներում հայկական համայնքների հետ ձևավորված կապերով:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում