Փրկարար լուսավորություն

Փրկարար լուսավորություն

«Արի որ ննջեսդ եւ կանգնեաց ի մեռելոց, եւ լուսաւորեսցէ զքեզ Քրիստոս»՝(Եփես.5:14)

Պողոս Առաքյալն այս խոսքը մեջբերում է իր թղթում իբրև վկայություն Ս. Գրքից, բայց մինչև այժմ մեկնաբանների ջանքն իզուր է անցել գտնել Աստվածաշնչի, կամ գոնե ուրիշ մի որևէ հին գրվածքի, մեջ այն տեղը, որ նա կարող էր ի նկատի ունեցած լինել իր վկայության համար: Եվ այսպես այդ բազմաբովանդակ նախադասության առաջին ստվերական հեղինակը մնում է մեզ դեռ անծանոթ, բայց հայտնի չէ միթե ՞ իսկական հեղինակը, որ ահա հազարավոր տարիներ ի վեր խոսում է «ընդ ամենայն երկիր եւ մինչեւ ի ծագս աշխարհի», և սակայն նրա զարթուցիչ ձայնի նույնչափ պետք ունի աշխարհն այսօր, որչափ և այն օրը, երբ Պողոս առաքյալի բերնից էր հնչում այդ ձայնը Ավետարանի, քրիստոնյա համայնքի ներքին գիտակցության ձայնը:

Առաքյալը հեթանոս ժողովուրդներին նկատի ուներ, հոգևոր բարոյական մեռելության քնի մեջ ընկղմած մարդկությանն էր հրավեր կարդում աչք բանալ, ոտքի ելնել, նոր հոգի, նոր կյանք ստանալ այն կենդանարար լույսի ազդեցությամբ, որ Քրիստոսի անմահական գերեզմանից ծագելով, տարածվում հետզհետէ, թափանցում, լուսավորում էր իր ճառագայթներով հեթանոս աշխարհի մութ մութ անկյունները: Այժմ քրիստոնյա անունն իր վրա կրող աշխարհն է, որի վրա ծանրանում է հոգևոր խավարի, բարոյական մեռելության քունը: Աստուծո արևն առաջվա նման փայլում է երկնքից, ու մարդկանց արվեստը երկրի վրա ճգնում է մրցել նրա հետ՝ խավար գիշերն անգամ լույս ցերեկ դարձնել. մարդիկ անցնում են լուսավոր փողոցներով, անցնում են Աստծո անվան կանգնած հոյակապ տաճարների առջևից խոսում, վիճում, բարձրագոչ ճառեր են կարդում հանուն լուսավորության, հանուն բարոյականության, հանուն մարդասիրության, բայց և այնպես անպատմելի ու անօրինակ անօրենություններ են կատարվում անընդհատ այդ աշխարհի աչքի առաջ, դժոխային մեքենայություններ են լարվում, դիվական անզգամությամբ հայհոյվում է Քրիստոսի անունը ամեն արդարության, ճշմարտության, սրբության անուն. տեսնում են ամենքն ու անցնում, լուսավոր աշխարհն այդպիսի չնչին բաներով զբաղվելու միջոց չունի, երկնքի մոլորակներն են նրա հետաքրքրության առարկան. քաղաքակիրթ մարդու նշանաբանն է ձեռք մեկնել այնտեղ միայն, ուր անձնական շահ կա: Եվ ահա թագավորում է կրկին անձնապաշտության դևը, աշխարհի կարծեցյալ տերը. սիրո ու անձնվիրության խաչն անարգված ընկած է ոտքի տակ, և դժոխքն անարգել իր խավարային գործն է առաջ տանում…

Բայց մեր աչքը դառնում է ակամա դեպի այս դժոխային թագավորության այն գավառը, որ արհավիրքների գլխավոր կենտրոնն է, դէպի ուր դարձած են ամիսներ ու տարիներ ի վեր սոսկման եւ զայրույթի արտայայտությամբ ամեն տեսնող աչքեր, և ահա այդտեղ ջախջախված ընկած մեռյալ ժողովուրդն է, որի համար ամենից ավելի կցանկանայինք, որ հնչեր ականջին առաքելական զարթուցիչ ձայնը. «Արի, կանգնեաց ի մեռելոց, եւ լուսաւորեսցէ զքեզ Քրիստոս»: Ավաղ, շատ եղան նրան զարթնեցնել փորձողներ, երբ դեռ այս անտանելի վիճակի մէջ չէր. իբրեւ դարավոր թմրությունից արթնացող մի մանկացած ծերունու օրոր կարդացին, անուշ երազներ ներշնչեցին և հանկարծ, մի անզգույշ շարժումից արթնացավ նա… ողբալի շարժում, չարաբախտ արթնություն, որ քնաթաթախ մոլորյալին կարծեցյալ լույսի շամանդաղի մեջ դեպի առաջը բացված անխուսափելի կորստյան անդունդը պիտի գլորեր: Եվ ահա, երբ անդունդի խորքումն է արդեն, ով կարող է նրան կրկին ոտքի կանգնեցնել, վեր հանել կյանքի վերակոչել, եթե ոչ նույն Հզորը, որ Եզեկիելի մարգարեական աչքի առաջ անապատում ցրված ոսկորներին կենդանություն տվեց և նոր ժողովուրդ կազմեց. ի՞նչը կարող է նրան սթափեցնել ու անմոլար, անսայթաք կերպով ուղիղ ճանապարհի վրա հանել, եթե ոչ ավետարանական այն հույսը, որ ամբողջ մարդկության համար միակ ապահով ուղեցույց է եղել մահացուցիչ խավարից դեպի անմահական երանություն, որ անթիվ կորուսյալների ցույց է տվել կյանքի իսկական ճանապարհը:

Ամեն դժբախտ փորձ իր խրատիչ կողմն ունի, և որքան մեծ է դժբախտությունը, նույնքան ավելի մեծ լրջություն է պահանջում տրված խրատի նշանակությունն ըմբռնելու և պետք եղածն ուսանելու համար: Վերջապես ժամանակն է սթափվելու եւ կշռադատելու այն անօրինակ դժբախտությունը, որին այսօր հայ ժողովուրդն է ենթակա, եթե, հակառակ շրջապատող բոլոր հուսահատական պայմաններին, նրան այս անելանելի դրությունից ելնելու մի շավիղ ցույց տալ պետք է, այնուամենայնիվ մեր կշռադատության չափ դնող, մեզ առաջնորդող, նույն բարոյական սկզբունքները պետք է լինին, որ Քրիստոսի փրկարար լուսավորության Ավետարանն է տալիս: Ամեն մի նոր օր ներկա աշխարհում նորանոր զորեղ ապացույցներ է դնում մեր առաջ, որ ամենամեծ ազգերն անգամ իրենց զորության, իրենց փառքին, իրենց հարստության, այո նույնիսկ իրենց լուսավորության չնայած շատ երջանիկ չեն: Հաճախ արտաքին շուքի ներքո այնպիսի մեծ բարոյական սնանկություն է ծածկվում այդտեղ, որ առողջ դատողության, վեհ հոգու տեր անձի աչքում ավելի ողորմելի են ներկայանում նրանք, քան հրապարակի վրա եղած խեղճերը: Քաղաքակրթությունը նորանոր հաղթանակներ է կանգնում այո, ճոխացնում ու գեղեցկացնում է կյանքը, բայց այդ կյանքը քչերն են վայելում և նրանց վայելածին անմիտները միայն նախանձել կարող են. մեծամասնությունը տագնապի մեջ է և ավելի դառնություններ է կրում գուցե քան առաջ: Սակայն և այն դեպքում, երբ մեծ աշխարհը իր լուսավորության և զօրության շնորհիվ ճոխություն և փառք ձեռք բերեր փոքր մարդկանց, փոքր ժողովուրդների համար իսկական փառքի աղբյուր իր ներքին բարոյական զօրությունն է մնում, մի զօրություն, որ իր նշանակությունը պահում է նաև ամենափոքր բաների մեջ և ոչ մի արտաքին ուժի առաջ չի խորտակվում, տեղի չի տալիս: Ավաղ, ինչքան ավելի տարբեր, ավելի բարվոք վիճակ կունենար հայ ժողովուրդն այսօր, եթե իր բարոյական ուժերը գնահատած լիներ, դրա զարգացման համար աշխատեր. արթնանար այն ժամանակ միայն, երբ առաքեալական ձայնը, Ավետարանի ձայնը նրան կկանչեր, ընթանար այն ճանապարհով, որ Քրիստոս է լուսավորում: Այո, իր կապանքների եւ նեղության մեջ ևս երանելի կլիներ նա այն ժամանակ ու ազգերի նախանձը կշարժեր, և եթե մինչև այժմ իսկ մի որոշ չափով նախանձ շարժել է՝ մի՞թե իր ներքին արժանիքների, իր բարոյական զորության համար չի եղել: Սակայն պատմության արդար դատավորն անշուշտ պիտի ների անցած սերունդին նրա սխալներն, եթե գործել է, այն անհուն տառապանքների փոխարեն, որ անմեղ տեղը կրեց. ներկա սերունդն է, որ անցյալի պատիժը կստանա, եթե չխրատվի ընդունված սարսափելի դասից: Եվ ամեն անգամ, երբ մի նոր սերունդ հանդես է գալիս կրթության ասպարեզի վրա հնից դասեր առնելու՝ ամենանվիրական պարտք է կրթողի համար քննել և կշռադատել, թե արդյոք ի՞ նչ բնավորություն պետք է ունենան իր ավանդած դասերը, արդյոք այն ձայնը, որով նա մանկական անմեղությամբ ննջող, կամ մեռյալ անկրթության մեջ թմրած հոգիները պէտք է արթնացնի և կենդանացնի: Կյանքի իսկական կայարանից է իջնում արդյո՞ք այն Լոյսը, որով նա խավար մտքերը պետք է լուսավորի և ուղիղ ճանապարհ ցույց տա դեպի ճշմարտության Արեգակը, որ Քրիստոսի լույսն է. «Զի մի յայսմհետէ իցեմք տղայք խռովեալք եւ տատանեալք յամենայն հողմոց վարդապետու- թեան, խաբեութեամբ մարդկան խորամանկութեամբ ի խաբէութիւն մոլորութեան, այլ ճշմարտեալք սիրով աճեցուսցուք ի Նա զամենայն, որ է գլուխ Քրիստոս»:

ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ

Աղբյուր՝ Holytrinity.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում