Ժնևում սփյուռքի նախարարի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակումը գտավ դահլիճում իր հասցեատիրոջը
Նմանատիպ
Ժնևում շարունակվում է Միգրացիայի Միջազգային կազմակերպության կողմից «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության»(ՄՄԵ) շրջանակներում Սփյուռքի հարցերով նախարարական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն են բերել այդ բացառիկ միջոցառմանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն, դեսպան Վիլիամ Լեյսի Սվինգը: Ողջունելով մասնակիցներին՝ նա կարևորեց նախարարական առաջին համաժողովի գումարումը այսպիսի մակարդակում, սփյուռք ունեցող եկրկների միջև փորձի փոխանակումը, երկխոսության ձևավորումն ու հարաբերությունների զարգացումը: Համաժողովի ընթացքում քննարկումներ ծավալվեցին 3 հիմնական ուղղություններով’ «սփյուռքները և հասարակությունները», «սփյուռքները և պետությունները», «սփյուռքները և զարգացումը»:
ՀՀ սփյուռքի նախարարը հանդես եկավ ելույթով «Սփյուռքները և պետությունները» քննարկման ընթացքում: Նա ներկայացրեց սփյուռքների առաջացման հիմնական պատճառները՝ պատերազմներ, հասարակական և տնտեսական ճգնաժամեր, բնակչության տեղաշարժեր աշխատանքի նպատակով, գլոբալացվող աշխարհ և այլն, ինչպես նաև անդրադարձավ հայկական Սփյուռքի առաջացման կարևորագույն պատճառին’ Հայոց ցեղասպանությանը:
Իր ելույթում Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորեց պետություն-սփյուռք հարաբերությունների զարգացման քաղաքականությունը, նրա իրականացման կառուցակարգերը, ինչպես նաև ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով սփյուռքի հսկայական ներուժին, վերջինիս ազդեցությանը ինչպես ընդունող, այնպես էլ ծագման երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի վրա՝ նախարարը ողջունեց միջազգային մակարդակում սփյուռքներին վերաբերող խնդիրների քննարկումը և հույս հայտնեց, որ դրանք կդառնան պարբերական, կգտնվեն ընդհանրական լուծումներ, կձևակերպվեն սփյուռքների իրավունքներն ու պարտականութունները վերպետական, միջպետական, ներպետական և Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում և կառուցակարգերում: Նա կոչ արեց միջազգային հանրությանը նպաստել հասարակություններում սփյուռքների ինտեգրմանը մշակութային երկխոսության միջոցով’ հաշվի առնելով ազգային, կրոնական տարբերությունները, ավանդույթներն ու սովորույթները:
Նախարարի՝ ՄԱԿ-ի կողմից սփյուռքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում, որոնք էլ առաջարկեցին մշակել նախագիծ’ հետագայում այն ՄԱԿ ներկայացնելու ակնկալիքով:
Համաժողովին մասնակցող թուրքական պատվիրակությունը նախարարի ելույթից անմիջապես հետո փորձեց պատասխանել նախարարին’ անդրադառնալով Հայոց Ցեղասպանության փաստի պատմական իրողության ուսումնասիրման անհրաժեշտությանը, հիշեցնելով 2009 թ. ստորագրված արձանագրությունների մասին: Հրանուշ Հակոբյանը ՀՀ պատվիրակութայն անունից հակադարձեց թուրքական պատվիրակությանը’ նշելով, որ ուրախ է, որ Հայոց ցեղասպանության հիշատակումը գտավ դահլիճում իր հասցեատիրոջը: Նա կրկին անգամ շեշետեց, որ հայկական Սփյուռքը Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանության հետևանք է և կարծում է, որ Թուրքիայի պատվիրակը այս հարցում որևէ կասկած չունի, և կգա մի օր, երբ Հայոց ցեղապանությունը ի վերջո կճանաչվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում