Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը` իրենց ամոթը
Նմանատիպ
Ահա այսպիսի որակում է տալիս աստվածախոս Պողոս առաքյալը փողապաշտ ու փորապաշտ մարդկանց, որոնք այս աշխարհային բոլոր ոլորտներում են:
Երբեմն վերադասները գովաբանում են անգործունյա ենթականերին, որոնք մեծապատիվ մուրացկանի կարգավիճակով կարողանում են որոշակի ֆինանսական ելքեր ապահովել, փակել բերանները նրանց և իրենց աշխատակցի, ծառայակցի հետ վարվել այնպես, ինչպես կցանկանան, իսկ վերադասը ինչպես միշտ լռում կամ հանդիմանում է ծառայակցին կամ աշխատակցին, քանի որ շահ չունի նրանից: Արատավոր այս երևույթը տարածման միտում ունի, իսկ ովքեր իրենց խղճի մտոք լցված են ծառայության ոգով, աշխատում, տքնում, չարչարվում են, մշտապես արժանանում են իրենց ղեկավարության հանդիմանությանը. «Չեք աշխատում, թերությունները շատ են»: Այնինչ ապիկարներին վերաբերվում են «Ապրե՛ք, շատ լավ եք աշխատում» սկզբունքով, մինչդեռ նորմալ, բանական մարդը, որ գոնե տարրական կրթություն և մտածողություն ունի, հասկանում է, որ «Չեք աշխատում» նշանակում է` «Փող չեք տալիս», իսկ «լավ եք աշխատում» նշանակում է «Գոհ եմ քո տված գումարից»:
Դեռևս Ալեքսանդր Մակեդոնացին մահվանից առաջ պատվիրել էր, որ իր ձեռքերը դագաղից հանած տանեն և հուղարկավորեն, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս աշխարհից ոչինչ չի տանում: Բայց մարդ արարածը կուրացել է, փողը սարքել աստված, իսկ փորը` պաշտամունքի առարկա:
Վտանգավոր են այսպիսի մարդիկ հասարակության համար և ատելի` Աստծուն: Քրիստոսի ողջ կյանքն ու գործունեությունը բովանդակ մարդկության համար էր` որպես օրինակ. Արարչի ձայնին քչերը ունկնդիր եղան: Միայն պաշտոնական դիրքը աշխարհում, կոչումը չեն բնորոշում մարդու մարդ լինելը, այլ քրիստոնեական վարքագիծը, Քրիստոսի հետքերով գնալը դրացուն կամ բարեկամին ձեռք մեկնելը։
Հայտնի առակում հստակ սահմանագծված է. «Ասում են, մի մարդ իր զավակին ասում է, որ մարդ չի դառնա, և ժամանակներ անց զավակը դառնում է թագավոր։ Փառքի կուրության մեջ հորը նա կանչում է իր մոտ և ասում.
– Հա՛յր, դու ինձ ասացիր, որ մարդ չեմ դառնա. տե՛ս` թագավոր եմ դարձել, – հայրը, մեղմ ժպտալով, պատասխանում է.
– Ես չեմ ասել` թագավոր չես դառնա, այլ` մա՛րդ չես դառնա»:
«Մարդ» բնորոշումը քչերին է վերապահված, և շատերին` տմարդի երևույթը: Հավատքի հիմքը Աստվածաշունչն է և Քրիստոսի վարդապետությունը, որը մարդուն Մարդ է դարձնում և պատրաստում հավիտենական կյանքի:
«Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տեր, Տեր» է ասում, Երկնքի Արքայություն կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ Երկնքում է» (Մատթ. 7; 21): Շատերն են վկայում Աստծո գոյության մասին, բայց անհաղորդ են Նրա սրբություններին:
Լինել Քրիստոսի զինվորը, բարեկամը, առաքյալը, նշանակում է կատարել Աստծո կամքը. միայն բերանի վկայությունը քիչ է և դատապարտելի: Մենք պետք չունենք Եկեղեցու խորաններից, աշխատավայրում և այլ վայրերում բարձրաձայնելու, թե Աստված կա, այլ վկայել մեր վարքագծով, ապրելակերպով, կենցաղով, ահա այս է վկան մեր հավատքի, մնացածը սուտ է և կեղծ: Նվիրյալի տերը Աստված է, մի՞թե Քրիստոսին գնահատեց ամբոխը, որ խելագարված իրենց հոգիները մի քանի կոպեկի դիմաց վաճառած` կաշառված ու կուրացած գոռում-գոչում էր. «Խաչը հանիր դրան», իհարկե ո՛չ։ Մեզ էլ չեն գնահատի, մեզ համար էլ մեր անօրեն ծառայակիցը, վերադասը, կամ նույն այդ ամբոխը… կբարձրաձայնի խաչելության նույն խոսքը:
«Փտած շիվերը խոր արմատներ չեն տա, թեպետ ժամանակավոր կծաղկեն, բայց քանի որ արմատները խոր չեն, շուտով պիտի չորանան», – Սողոմոն Իմաստունի որակումը հենց այս կարգի մարդկանց համար է գրված:
Շատերը, տեսնելով հալածանքը նվիրյալների և փառահեղ կյանքը անօրենների, գայթակղվում են, ոմանք էլ ընկնում են ցանցը անօրինության: «Այս բոլորը քեզ կտամ, եթե գետին ընկնելով ինձ պաշտես» (Մատթ. 4; 9) սկզբունքն է առաջնորդում մարդկանց: Ինչը խոտելի է Աստծուն, այն այսօրվա մարդու համար երկրպագելի է դարձել: Ինչեր ասես չեն մոգոնում իրենց արածը արդարացնելու համար: Ինքնապաշտպանության բնազդը ինքնաոչնչացման է տանում մարդուն, բայց մարդը դա չի զգում կամ չի ցանկանում տեսնել: Երբ Տեր Աստված Սոդոմից հանեց Ղովտին և նրա կնոջը, պատվիրեց, որ հետ չնայեն, որովհետև այնտեղ կորուստ ու կործանում է: Մենք էլ դեպի Քրիստոս տանող ճանապահին պետք է հետ` նախկին մեղքերին չնայենք, որովհետև այնտեղ կորուստ և կործանում է: «Մարդը մարդուն չի կարող փրկել»,- ասում է Դավիթ մարգարեն: Յուրաքանչյուրն իր արածի համեմատ պետք է կանգնի Արարչի դատին: Այսուհետ թող վկայեն Աստծո գոյության մասին նրանք, ովքեր ունեն համապատասխան վարքագիծ կամ ձգտում են դրան, որպեսզի անհավատ ու անօրեն մարդկանց կողմից չհայհոյվի Անունը Սուրբ Արարչի: Հակոբոս առաքյալը ասում է. «Դու հավատում ես, որ մեկն է Աստված: Լավ ես անում. դևերն էլ են հավատում ու սարսռում» (Հակ. 2;19): Մարդ կարող է Աստծուն հավատալով սատանայակամք գործեր կատարել և դատաստան կուտակել իր համար, քանզի. «Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակ. 2; 26):
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում