Առանց Աստծո կամքի որևէ մեկը ո՛չ ծնվում է և ո՛չ էլ մահանում

Առանց Աստծո կամքի որևէ մեկը ո՛չ ծնվում է և ո՛չ էլ մահանում

Եկեղեցու հայրերը մերձավորին կորցրած անձանց հիշեցնում են հոգևոր այն մեծ մխիթարության մասին, որ կարող են ունենալ քրիստոնեական հավատի շնորհիվ, իսկ այդ հավատն ասում է, որ Աստված բոլորին կյանք և շունչ է տալիս, Նրանով է, որ մարդ ապրում է, շարժվում և կա (Գործք Առ. 17:25; 28), Տերն է սպանում և ապրեցնում, իջեցնում գերեզման և դուրս բերում այնտեղից (Ա Թագ. 2:6), նաև՝ «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում. և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են: Արդ, մի՛ վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք» (Մատթ. 10:29-31): Աստվածաշնչյան այս մեջբերումները պարզորեն ցույց են տալիս, որ առանց Աստծո կամքի որևէ մեկը ո՛չ ծնվում է և ո՛չ էլ մահանում:

Ավետարանական վերոնշյալ համարի հետ կապված եկեղեցու հայրերն ասում են, թե որքան չնչին գումար է մեկ դահեկանը, որի դիմաց վաճառում են երկու ճնճղուկ, բացի այդ այն, ինչ արժեք ունի, առանձին է վաճառվում: Աստված հոգ է տանում անգամ ամենափոքր թռչունին, որ մարդկանց համար որևէ արժեք չունի և նրանց կողմից մոռացված այդ թռչունը թանկ է Աստծո համար: Եթե փոքրիկ թռչունները, որ չնչին գումար արժեն ու չեն որսվում և Աստծո պահպանության ներքո են և նրանցից ոչ մեկը երկիր չի ընկնում առանց երկնավոր Հոր գիտության, ապա այս ամենը ցույց է տալիս Տիրոջ անսահման սերը մարդկանց նկատմամբ: Յուրաքանչյուր անձ բազմաթիվ թռչուններից ավելին արժե և եթե երկավոր Հայրը սիրում է մարդկանց այնքան, որ նրանց գլխի մազերը Նրա կողմից հաշվված են, ապա չպետք է վախենալ, քանի որ մարդկանցից յուրաքանչյուրը գտնվում է Նրա առանձնահատուկ պահպանության ներքո և այն ամենը, ինչ տեղի է ունենում նրա հետ, պատահում է ոչ այլ կերպ, քան Նրա գիտությամբ: Հայրաբանության մեջ նաև կարդում ենք՝ եթե մարդու գլխի մազերը հաշվված են Տիրոջ կողմից, առավել ևս կյանքի օրերը. «Եվ մի՛ վախեցեք, որ կմահանաք մինչ նախասահմանված օրը և հույս մի՛ ունեցեք, որ ձեր կյանքը թեկուզ մեկ օրով կերկարացնեք առանց Աստծո կամքի, Ով հաշվում է և ամեն ինչ գիտի: Այս ամենի գիտակցումը սովորեցնում է մարդուն խոնարհ լինել և Աստծո հանդեպ երկյուղ ունենալ: Եվ եթե ձեր գլխի մազերը հաշվված են, առավել ևս ձեր տառապանքները: Այսպիսով մի՛ վախեցեք, որ չափից առավել տանջվեցիք: Առավել քիչ վախեցեք, որ ձեր դժվարությունները կամ տառապանքները մոռացված և աննկատ կմնան Նրա կողմից, Ով տեսնում է ամեն ինչ: Այս ամենի գիտակցումը սովորեցնում է համբերատար լինել և վստահել բոլորի Արարչին և Նախախնամողին»: Մարդկանց հանդեպ Տիրոջ նախախնամության մասին է վկայում Նրա հետևյալ խոսքերը. «Նայեցե՛ք երկնքի թռչուններին, ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ շտեմարանների մեջ ամբարում, և սակայն ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց: Չէ՞ որ դուք Աստծո աչքին թռչուններից գերազանց եք: Կամ հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում: Օրինա՛կ վերցրեք վայրի շուշաններից և տեսե՛ք, թե ինչպես են աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ հյուսում: Ուրեմն, եթե Աստված այդպես գեղեցիկ է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, նրանցից շատ ավելի լավ չի՞ հագցնելու ձեզ, թերահավատնե՛ր» (Մատթ. 6:26; 28; 30):

Պետք է վստահորեն հավատալ, որ եթե Աստված մարդուց տանում է իրեն հոգեհարազատ մեկին, ապա դա միայն Աստծո մեծագույն սիրո արտահայտությունն է ինչպես մահացածի, այնպես էլ նրա հարազատների հանդեպ: Այդ պատճառով եկեղեցու հայրերը մատնանշում են՝ մի՞թե կարող ենք մտածել, որ Աստված չերկարացրեց մարդու կյանքը, եթե այն անհրաժեշտ լիներ թե՛ նրա և թե՛ հարազատների համար, կամ մի՞թե վերցրեց մեկի կյանքը, օրինակ՝ ժամանակ չտալով ապաշխարության, կամ որ ցավ պատճառի ննջեցյալի հարազատներին և ուրախանա նրանց արցունքներով: Անմտություն է այդպես մտածելը. Աստծո գթասրտությունն անսահման է և Նա է մարդկության սիրող Հայրը: Իրականում մարդը, ում մահը սգում են, եթե կենդանի մնար, կարող էր ենթարկվել ավելի մեծ դժբախտությունների, օրինակ՝ շարունակական ծանր հիվանդության, ինչի դեպքում մահը թե՛ նրա և թե՛ հարազատների համար մեծ բարիք կլիներ, կամ անզղջում սրտով մեղքերի մեջ ապրեր: Եվ Աստված, որ պարզորեն տեսնում է ինչպես ներկան, այնպես էլ ապագան, չի՞ ցուցաբերի մեծագույն սեր՝ ազատելով մարդուն տառապանքից և մեղքերի մեջ ընկնելու փորձությունից, ինչը զրկելու էր նրան հավիտենական երանությունից: Շատ ու շատ օրինակներ այս ամենն են ապացուցում. Սողոմոն արքան իր հոր՝ Դավթի գահին բազմեց մաքուր սրտով: Նա իր ծաղկուն տարիքում շատ իմաստուն էր, սիրում էր Աստծուն և հավատարմորեն հետևում էր հոր արդար ճանապարհին, սակայն ծեր տարիքում ընկավ ցանկասիրության մեղքի, իսկ հետո՝ կռապաշտության մեջ: Խոր անկում կարող են ունենալ անգամ ամենաիմաստուն մարդիկ: Այն, ինչ կատարվեց Սողոմոն արքայի հետ, կարող է կատարվել որևէ մեկի համար սիրելի անձի հետ, եթե Աստված նախապես չվերցնի նրան այս կյանքից՝ տեղափոխելով այլ կյանք: Այս պարագայում փրկարար և բարերար է, երբ Աստված մարդու հոգին իր մոտ է տանում՝ մինչ նա կկորցնի այն հավիտենական կյանքի համար: Այդ պատճառով պետք չէ տրտնջալ և մեղանչել Աստծո իմաստուն նախախնամության դեմ: Բացի այդ քրիստոնեական հավատը նոր մխիթարություն է բերում մարդուն՝ ասելով, որ ննջեցյալը ժամանակավոր է քնել և ընդմիշտ չի բաժանվել իր հարազատներից. «Հաստա՛տ իմացեք, կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո Որդու ձայնը, և լսողները կապրեն» (Հովհ. 5:25): Քրիստոսի երկրորդ գալուստին բոլորը կրկին միմյանց կտեսնեն և որքան մեծ էր հարազատների միջև սերը, և որքան տխուր՝ նրանց ժամանակավոր բաժանումը, այնքան ավելի ուրախալի կլինի նրանց հանդիպումը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում