Սիլվա Կապուտիկյան․ Երեկո
29/10/2019 20:18
Նմանատիպ
Եվ գիտես, կգա, կիջնի երեկո,
ՈՒ ցուրտ կլինի, կլինի մենակ,
Իսկ այրված կյանքիդ մոխիրները տաք
Ցրված կլինեն երկնքի ներքո:
Ս.Կապուտիկյան
Եվ ահա իջավ, իջավ երեկո,
ՈՒ մենակ եմ ես, հիրավի, մենակ.
Հեռու են ինձնից և որդի, և թոռ,
Իմ տագնապներին՝ անհաղորդ ու փակ:
Սակայն լցված է իմ տունն ու հոգին
Ծեր ու մանկանցով, ձայներով տարբեր,
Բազմություններ եմ զգում իմ կողքին,
Ինձ գրկող աչքեր, ինձ փարվող ձեռքեր…
Կին էի ծնվել՝ չդարձա՜ ես կին,
Մի կողմում մնաց բախտս կանացի,
Եվ ինչպես մարդու՝ սիրահարվեցի
Գգվանքի կարոտ իմ ժողովրդին:
Նրան տվեցի և երգ, և կրակ,
Ինձ օջախ դարձավ հայաշխարհ մի ողջ,
Եվ անթեղեցին ոգին նրա բորբ
Այրված իմ կյանքի մոխիրները տաք:
Հնչում են շուրջս օրհնանքի խոսքեր,
Ապավինումի շշնջումներ մաքուր.
Ո’չ, չցրեցի ես կրակս՝ զուր
Զուր չվատնեցի շնորհներ ու սեր: