Ավարտվեց հայագետ Դում-Թրագուտի` առաջին աշխարհամարտում կռված հայ ռազմիկներին նվիրված ցուցահանդեսը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիներ շարունակ իրականացրած հետազոտությունների արդյունքում ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտը Հայաստանում իրականացրեց «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրությունը: Այն հագեցած է եզակի արխիվային լուսանկարներով, տեսաֆիլմերով, ցուցանմուշներով, որոնց միջոցով և ուղեկցվող բացատրական տեքստերով փորձ է արվել վեր հանել հայ ռազմագերիների ոչ սովորական կյանքի ուղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցադրությունը, որը բացվել էր օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, փակվեց հոկտեմբերի 31-ին:
Փակման հանդիսավոր արարողությանը ցուցադրության հեղինակ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը հանդես եկավ հանրային դասախոսությամբ՝ «Ռուդոլֆ Փյոխի փաստաթղթերը Առաջին աշխարհամարտի հայ ռազմագերիների վերաբերյալ. սոցիալ-ազգագրական հաղորդում» թեմայով:
«Հետազոտությունների հիմք է դարձել մարդաբան Ռուդոլֆ Փյոխի արխիվը, որը գտնվում է Վիեննայի համալսարանում: Գալով Հայաստան`որոշեցի գտնել Առաջին համաշխարհային պատերազմում կռված հայ ռազմագերիների հետքերը: Օգտվել եմ նաև Հայաստանի ազգային արխիվից, ռուսական արխիվներից և այլ աղբյուրներից: Հավաքած տեղեկություններով այցելեցինք Հայաստանի այն գյուղերը, որտեղ ծնվել է ռազմագերիների մի մասը: Փյոխի արխիվում կա 191 ռազմագերու անուն, նրանցից մոտավորապես վաթսունի ծննդավայրը Հայաստանն է»,-պատմեց Յասմին Դում-Թրագուտը:
Նա նշեց, որ գյուղերում գտել են վաթսուն ռազմագերուց գրեթե բոլորի ժառանգներին:
Ռազմագերիների հետքերով Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գյուղեր այցելելով՝ տեղի տարեցների (այդ թվում՝ ռազմագերիների բարեկամների) օգնությամբ գրի են առնվել յուրաքանչյուր ռազմագերու հետագա ճակատագիրն ու նրանց ժառանգների պատմությունները։ Դրանք պատմում են պատերազմի պատճառով հայրենիքից ստիպված հեռանալու, ռուսական բանակի կազմում կռվելու, թշնամու ձեռքն ընկնելու, փախուստի կամ ազատ արձակվելու շնորհիվ հայրենիք վերադառնալու, ինչպես նաև հայրենիքում հետագա ճակատագրի մասին։
Առաջին աշխարհամարտի ընթացքում միայն Ավստրո-Հունգարիայում կառուցվել է ռազմագերիների 50 ճամբար՝ շուրջ 1 միլիոն զինվորի և 10 հազար սպայի համար:
Միջոցառմանը տեղի ունեցավ նաև «Հայաստանի ճամփեքով. Յասմին Դում-Թրագուտ» փաստավավերագրական ֆիլմի դիտումը` նվիրված ավստրիացի հայագետի Հայաստանում իրականացրած հետազոտություններին, ռազմագերիների ընտանիքների հետ հանդիպումներին:
Առաջին համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության ուսումնասիրության գործում ունեցած ավանդի և հայագիտության ոլորտում իրականացրած բազմամյա հետազոտության համար դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը պարգևատրվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում