Նկարիչը քավարանում
Նմանատիպ
«Հոդվածում մի հիմնական միտք էի առաջ քաշում. Խորհրդային Հայաստանում այդ ժամանակ գոյություն ուներ կոչումների մի ամբողջ համակարգ։ Եթե սփյուռքում էլ դա լիներ, ապա միակ մարդը, որն արժանի էր ժողովրդական նկարչի կոչմանը, Ալեքսանդր Սարուխանը պետք է լիներ»։
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Ժողովրդական նկարիչ
«ՄՈՒՐՃ-ՄԱՆԳԱՂ ԵՐԿՐԻ» ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՅՈՒՍ «ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԸ»
Ալեքսանդր Սարուխանը երևելի երգիծանկարիչ էր։ Նա թատերգությունների հեղինակ էր, հասարակական և կուսակցական գործիչ էր։ Հայ արվեստասեր հանրությանը տիար Սարուխանը նախ ծանոթ է Երվանդ Օտյանի անմահ «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպի անմահական նկարազարդումներով։ Սա այն եզակի դեպքն է, երբ գրական տաղանդին չի զիջում կերպարվեստային տաղանդը։ Եվ, ինչ խոսք, որ ապրելով Խորհրդային Հայաստանում, նա անպատճառ կարժանանար ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչմանը։ Նա պետության կողմից, ինչպես բոլոր պրոֆեսիոնալ կերպարվեստագետները, կարժանանար հետևյալ «բռնաճնշումներին»` անվճար արվեստանոց, 8 հազար ռուբլու սահմաններում պետական պատվեր, մշտական աշխատանք կայսրությունով մեկ և այլն։ Օրինակ, տիար Սարուխանի մեկ երգիծանկարը Հայաստանի գլխավոր երգիծական օրգան «Ոզնիում» կգնահատվեր 200-300 ռուբլի, իսկ ահա համասովետական թիվ 1 երգիծական պարբերական «Կոկորդիլոսում»-ում` մի քանի անգամ ավելի։ Մի՞թե իրեն դժբախտ կզգար եգիպտական կիզիչ արևի տակ հասակ առած և փառքի արժանացած այս հրաշալի վարպետը, մի՞թե ստեղծագործական կյանքով չէր ապրի խորհրդահայաստանում։ Ըստ իս` կապրեր։ Ի դեպ, եգիպտական կառավարությունը տիար Սարուխանին այդպես էլ անվճար արվեստանոց չհատկացրեց։ Ինչու՞։ Մի՞թե հավուր պատշաճի չէր գնահատվել եգիպտացիների կողմից։ Ամենևին։ Գուցե նկարիչը անիրականացնելի պահանջնե՞ր էր ներկայացնում։ Բնավ։ Պարզապես Եգիպտոսում նկարիչներն այնքան էին վաստակում, որ ունակ էին գնելու արվեստանոց, համաձայն սեփական ճաշակի և հավակնությունների։
Մուրճ ու մանգաղի երկրում նկարիչներին և քանդակագործներին, դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչներին օրնիբուն ենթարկում էին զանազան «կտտանքների»։ Նրանք կրթվում էին անվճար, նախ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Դիպլոմավոր նկարիչը կանգնում էր նոր և ավելի դաժան փորձությունների շեմին։ Նրան բավարարում էին աշխատանքով։ Հնարավորություն էին ընձեռում հմտանալու այս և այն ճանաչված վարպետի արվեստանոցում, դարձյալ անվճար։ (Հայտնի էր այն տարիներին, որ անվճար և որակյալ ուսուցման բռնատանջանքներին չդիմանալով որոշ զգացմունքային երիտասարդ ստեղծագործողներ կամ հեռանում էին լեռները, կամ էլ փոխում էին մասնագիտությունը, աշխատելով, զորօրինակ տրամվայի վագոնավար, փականագործ, գինեգործ կամ էլ գինեկոլոգ։ Երբ նկարիչներն ու քանդակագործները հասունանում, ինքնուրույն էին հաղթահարում կերպարվեստի արահետները, նրանց ուղղակի ենթարկում էին հոգեբանական ցնցակաթվածի` անվճար տրամադրելով ստեղծագործական արվեստանոց։ Բայց ամենաանմարդկային փորձություններն առջևում էին։ Եթե ստեղծագործողն անդամագրվում էր Հայաստանի նկարիչների միությանը (որը, ի դեպ, հասարակական կազմակերպություն էր), ապա հայտնվում էր ծուղակում։ Տարեսկզբին պետությունը նենգորեն ապահովում էր նկարչին պետական պատվերով։ Այսինքն խլում էր ստեղծագործող անհատից մի շա՜տ կարևոր բան, փորձությունների ճանապարհով հացը հանապազօր վաստակելու բերկրալից ապրումներից։ Այն է` թույլ չէր տալիս կերպարվեստագետին տքնել ու տառապել, տարակուսել և տրտմել, ի վերջո` հալումաշվել վրձնի բացակայությունից ու կտավի ձեռքբերման անհույս փնտրտուքից։ Նկարիչն անկարող էր բոկոտն քայլելու աշնանային անձրևաթաց փողոցներում, սափրվելու ինչպես քարե դարում և հյուղակ կառուցելու խուլ անտառում։ Նա ստեղծագործող էր և պիտի լիներ հասարակական կյանքի առաջնադիրքում։
Սակայն ասպատակիչ փորձությունը ահա սա էր. խորհրդային իշխանությունը վճարում էր լիաբուռ և առաջարկում էր` քանդակել Լենին և առաջավոր կթվորուհի, նկարել Բրեժնև և առաջադեմ հոտաղ։ Միաժամանակ չէր արգելում պետպատվերն ի կատար ածելուց հետո կերտել ազգային պատմության և մշակույթի որևէ երևելու կիսանդրին, քանդակը կամ արձանը, պատկերել հայրենի բնաշխարհը, ծնողներին, առհասարակ հայ տեսակին` տուրք տալով ներաշխարհից բխող ազդականչերին` նկարել, հարելով այս կամ այն ուղղությանը, այս կամ այն ոճով և այլն։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանը պիտակավորվել էր «Կրեմլի նկարիչ»։ Այո, հայազգի այս վարպետը վարպետորեն էր պատկերում խորհրդային կայսրության առաջնորդներին, ապահովված էր, ուներ բարձր հանրային դիրք, հեղինակություն։ Սակայն հոգու խորքում մեծարգո Դմիտրին ազգային կերպարվեստի վառ ներկայացուցիչ էր և ահա ստեղծեց մի հրաշակերտ ստեղծագործություն` «Վերնատունը»։ Եվ մի քանի այլ ազգային գործեր (կտտանքներն այսքանով չէին ավարտվում)։ Խորհրդային իշխանապետերը «վաստակավոր» և «ժողովրդական» կոչումներով էին պճնում արժանավորներին։ Անշուշտ` այլախոհությունը բարձրաձայնող որոշ վարպետների շրջանցում էին կոչումներն ու տիտղոսները, օրինակ` Բենիկ Պետրոսյանին, սակայն տեսեք, ակադեմիկոսի տիտղոսով պճնվեցին Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Զարդարյանը, Գրիգոր Խանջյանը, Ղուկաս Չուբարյանը և այլք։
ՁՈՆ ԱՌ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
Նկարիչը պատվով լքում է կերպարվեստի դարբնոցի դարպասները և հայտնվում անորոշության կապանքներում։ Նա պետք է ստեղծագործի, նկարի և քանդակի, արարի վերջապես… սակայն, հուշեք, թախանձագին պաղատում եմ, թե որտեղ` խոհանոցու՞մ, ձեղնահարկու՞մ, թե՞ նկուղում կամ էլ գուցե պատշգամբու՞մ։ (Պատշգամբում արարելը լավագույն տարբերակն է. առատ լույս է սփռվում արևածագին, միաժամանակ չես խանգարում ընտանիքիդ հարգարժան անդամներին)։ Երրորդ հանրապետության ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների համար նկարիչն ու քանդակագործը թանգարանային նմուշ են, նրանցով կարելի է հիանալ և հետո լքել ու հեռանալ։ Վերջին արվեստանոցները պետության կողմից նվիրաբերվել են նկարիչներին 1988-ին։ Իսկ հետագա 30 տարիներին երիտասարդ նկարիչներն անհույս սպասումների ճանապարհին են հայտնվել։ Եզակի դեպքերում էր նկարիչն արվեստանոց ձեռք բերում, եթե ժառանգություն էր ստանում նկարիչ ծնողից կամ եթե հաջողակ գործարար էր և արվեստանոց էր կառուցում, կամ գնում էր հարմար մի տարածք, այն դարձնում էր ստեղծագործական օջախ։ Առանց արվեստանոցի հատկապես երիտասարդ նկարիչը հայտնվում է անելանելիության շրջապտույտում։ Զի ստեղծագործական արվեստանոցը մի զարմանահրաշք է, ուր իշխում են աշխարհիկ մտահղացումներն ու հոգևոր արարումները։ Արվեստանո՜ց։ Հնաոճ որոշ իրեր, մի կտոր մասունք-կարպետ և նկարներ ու քանդակներ, անավարտ արդեն մի քանի տարի և ավարտուն լիովին, պատրաստ ցուցադրության։ Արվեստանոցները հյուրընկալ օջախներ են։ Միայնության մեջ ապրող նկարիչը ստեղծագործական և՛ հախուռն, և՛ երազային մակընթացության վերջից հետո աշխարհ է վերադառնում և բացում է դուռն աշխարհի առաջ, քանզի արարել է ներկա ու վաղվա օրվա համար, երկրի համար, արվեստասեր հանրության, գործընկերների համար։ Աշխարհի համար։
Արվեստանոցը ստեղծարար այլախոհության հանգրվան է։ Աշխարհաքաղաքական, ազգային-ազատագրական գալիք պայքարի հունդերը հաճախ ցանվում, ծլարձակում էին հենց արվեստանոցներում։ Մի՞թե պատահական է, որ խորհրդային այլախոհության առաջնադիրք կազմակերպության` ԱՄԿ-ի հիմնադիրը գեղանկարիչ և Մեծ հայրենականի մասնակից-շքանշանակակիր Հայկազ Խաչատրյանն էր։ Կարեն Սմբատյանի Երևանյան լճի ափին հանգրվանած արվեստանոցում հաճախ էին ի մի գալիս 1965-ի համազգային ընդվզման լեգեոներները, Հայկազ Խաչատրյանը, Զարեհ Հարությունյանը, Ստեփան Զատիկյանը։
Արցախի ազատամարտի ընթացքում, ավելի ստույգ` սկզբնափուլում, որոշ արվեստանոցներ վերածվել էին ժամանակավոր զինապահեստների։
Այժմ զավեշտաբույր ուղերձ եմ հղում ներկա իշխանություններին, որոնք զուգվել են թավշյա պատմուճաններով, սակայն ի հեճուկս «թավշյա հեղափոխության», գոցել են ականջները խծուծով և չեն լսում կերպարվեստի անդաստանից հնչող կոչերը, ի մասնավորի` երիտասարդ նկարիչներին ստեղծագործական արվեստանոցներով ապահովելու տողերիս հեղինակի գերհասունացած առաջարկը։
Հարգելի երեսփոխաններ և կառավարության անդամներ, նկարիչն առանց արվեստանոցի նման է այն գրոսմայստերին, որը պարտադրված սկսում է շախմատային խաղը` առանց գլխավոր խաղաքարերի` ձիու և նավակի։
Բայց եթե ասածս չընկալվեց ինչպես հարկն է (ինչը միանգամայն ենթադրելի է)` պարզաբանում եմ խնդիրը խիստ առարկայական մի օրինակով։ Պատկերացրեք, որ ողջ հոգով ու սրտով նվիրվել եք երկրաշինությանը, փորձում եք օրենքներ թխել, սակայն երկրի խորհրդարանի ուղեղային կենտրոն օվալաձև դահլիճից հանվել են բոլոր աթոռները, խցանված են միկրոֆոնները, հեռացել են լրագրողները։ Իսկ մի՞թե կառավարությունը կարող է լիարյուն աշխատել, եթե փակվեն աշխատասենյակների դռները, և նրանք տքնեն վասն հանրապետության բարգավաճման, ճեմաքայլելով միջանցքներում, կամ էլ, ինչու չէ, մտորելով ու ծրագրեր կազմելով` կառավարական տան ճաշարանում, խոնարհված բուրումնալից բոզբաշի ափսեի վրա։
Հայաստանի նկարիչների միության 11-րդ նախագահ Սուրեն Սաֆարյանը վերջերս առաջարկեց ՀՆՄ-ին նվիրաբերել չօգտագործվող արտադրական շենք, որը կարող է ծառայել նկարիչներին` վերածվելով արվեստանոցային մի նոր օազիսի։ Նոր` զի Խորհրդային Հայաստանում, ի մասնավորի մայրաքաղաք Երևանում, հռչակավոր էին Լենինգրադյան-4, Կիևյան-24, Հրաչյա Քոչարի-13 շենքերը։
1950-ականներին, երբ կառուցվում էր գեղաշեն Կիևյան փողոցը, պետությունը չզլացավ և մի ողջ շենք նվիրաբերեց նկարիչներին, որտեղ նրանք ապրում և արարում էին։ Այսօր շենքի պատին ագուցված հուշաքարերը երևելի նկարիչների հիշատակելի անուններ են ներկայացնում, որոնք բնակվել են Կիևյան-24-ում։
Լենինգրադյան-4 շենքը Աջափնյակի առաջին նորակառույցներից էր, տեղաբնակներն այն իսկույն պատվեցին «նկարիչների շենք» գունագեղ անվանմամբ, 5-րդ հարկը արվեստանոցային էր, արևահայաց, և ողջ պատն զբաղեցնող պահարանները հուշում էին, որ այստեղ ստեղծագործում են կերպարվեստի վարպետները։
Քոչար-13-ը կառուցվեց նկարիչների համար կոոպերատիվ հիմունքով։ Այսօր էլ այն կա, շարունակում է ծառայել իր վեհ կոչմանը։ Այսօր արդյո՞ք անհնար է մի ընդարձակ շենք նվիրաբերել Հայաստանի նկարիչների միությանը և այն դարձնել «Նոր Հայաստանի» կերպարվեստային օազիսը։ Տերը վկա, անհնար չէ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում