Գաբրիել Գյուրջյանի կտավները ներկայացվեցին «Հայոց լեռներում, կանաչ լեռներում» ցուցահանդեսում

Գաբրիել Գյուրջյանի կտավները ներկայացվեցին «Հայոց լեռներում, կանաչ լեռներում» ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդահայ գեղանկարչության նշանավոր վարպետ Գաբրիել Գյուրջյանի «Հայոց լեռներում, կանաչ լեռներում» խորագրով ցուցահանդեսում ընդգրկվել է Ազգային պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, ինչպես նաև նկարչի ընտանիքի և մասնավոր հավաքածուներում պահվող կտավների ընտրանին։ Դրանց գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ և արդեն ծանոթ գործերի հետ միասին ամբողջական պատկերացում է տալիս Գյուրջյանի թողած հարուստ ժառանգության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց նոյեմբերի 1-ին Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում:

Այն նվիրված է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։

«Գյուրջյանը շատ հետաքրքիր մոդեռն, ավանգարդիստ նկարիչ էր: Նրա 20-ական թվականների ստեղծագործություններում անմիջապես նկատվում է, որ Գյուրջյանը սովորական նկարիչ չէ: Մարդիկ սիրում են, որ բնանկարը պատմի իրենց տեսած բնության մասին, բայց Գյուրջյանից դեռ շատ առաջ ֆրանսիացի իմպրեսիոնիստները կտավին հանձնեցին իրենց տպավորությունները: Գյուրջյանն էլ էր այդպես նկարում: Նա արդյունաբերական բնանկարը բերեց հայ կերպարվեստ»,-նշեց արվեստանոց-թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանը:

Արվեստաբան Սիլվիա Մանուչարյանը խոսելով ցուցադրված կտավների մասին, ընդգծեց, Հայաստանի բնությունը պատկերող, գյուղական տեսարաններով հարուստ ռեալիստական ստեղծագործություններ են, որոնք աչքի են ընկնում գունային ներդաշնակությամբ: «Գեղանկարչական հստակ կանոններով արված գործեր են` լույսի ու ստվերի, հորինվածքի գեղեցիկ համադրմամբ, կոմպոզիցիայի հստակ կառուցմամբ»,-ասաց նա:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Շրջիկ ցուցահանդեսներ» նախաձեռնության շրջանակում:

Գաբրիել Գյուրջյանը սովորել է Պենզայի Գեղարվեստական բարձրագույն արվեստանոցում: Ուսանողական տարիներից մասնակցել է ռուս առաջադեմ նկարիչների՝ «Բելի մեդվեդ», «Վոլժսկի սոյուզ» խմբակցությունների ցուցահանդեսներին: 1923-ին եկել է Հայաստան, մշտական բնակություն հաստատել Երևանում: Այս շրջանից սկսվել է նրա ակտիվ ստեղծագործական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեությունը: Շուրջ 35 տարի դասավանդել է մասնագիտական նորաբաց ուսումնական հաստատություններում: Նրա նախաձեռնությամբ 1939 թվականին ստեղծվել է և որոշ ընդհատումներով առ այսօր գործում է «Նկարիչների շրջիկ արվեստանոցը»:

Գաբրիել Գյուրջյանը հիմնականում աշխատել է բնանկարի ժանրում՝ նպաստելով պլեներային նկարչության զարգացմանը հայ արվեստում։ 1960–70-ական թվականների գործերում նկարիչը ձգտել է մարմնավորել հայրենի երկրի մոնումենտալ, ընդհանրացված կերպարը, որն ամբողջական լուծում է ստացել լայն, ընդգրկուն տարածության հետաքրքիր դիտակետի, առանձին պլանների մանրակրկիտ մշակման ու մաքուր, հնչեղ գուներանգի միջոցով։ Գյուրջյանը ստեղծել է ծննդավայր Արդվինի և Հայաստանի գողտրիկ անկյունների պատկերներ. Սևանա լիճ և կղզի՝ առափնյա ժայռերով ու եկեղեցիներով, Բջնի, Ապարան, Գորիս, Եղեգնաձոր, Լոռի, Գյումրի, հին և նոր Երևան, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններով բնանկարներ, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ սիրո, հիացմունքի ու ներքին հպարտության զգացումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում