«Իմ Սարյանը» Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսին ներկայացված է մոտ 800 աշխատանք

«Իմ Սարյանը» Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսին ներկայացված է մոտ 800 աշխատանք

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում նոյեմբերի 1-ին ներկայացրել է «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, մանկավարժներ, դպրոցականներ և հյուրեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին ու այն հյուրընկալողներին: Նա մեջբերել է Մարտիրոս Սարյանի խոսքերը, թե արվեստը պետք է լինի խթան, որ մարդիկ նայեն դեպի ապագան, ուզենան ապրել և ուժ ստանան պայքարելու համար: «Արվեստը պետք է բոլորիս հույս և հավատ ներշնչի: Այս գաղափարն է դեռևս 2010 թվականին Լևոն Իգիթյանին ու նրա համախոհներին մղել հիմք դնելու այս միջոցառմանը, որի նպատակն է նաև սփյուռքահայ երեխաներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին ու պատմությանը»,- հավելել է Լուսինե Առաքելյանը: Փոխնախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երեխաներին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը՝ արձանագրելով հայ երեխաների բնատուր տաղանդը. «Նրանք վրձիններն իրենց հոգու մեջ են թաթախում, դրա համար էլ այսպիսի գլուխգործոցներ են կարողանում ստեղծել»:

Ցուցահանդեսում ներկայացված է մրցույթ-փառատոնի առաջին փուլի 2000-ից ավելի աշխատանքներից ընտրված մոտ 800-ը՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքի 21 գաղթօջախներից` ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Էստոնիա, Թուրքիա, Իրան, Լիբանան, Նիդեռլանդներ, Ղազախստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Քուվեյթ, Ֆրանսիա: Ներկայացվել են գեղանկարներ, ապլիկացիաներ, գոբելեններ, բատիկա, կոլաժներ, խճանկարներ, կերամիկա, փայտե խորափորագրություն, կենդանի նկարներ, տեքստիլ պաննո, կվիլինգ:

Փառատոնի նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, առավել շնորհալի երեխաների հայտնաբերմանը, հայրենիքում և սփյուռքում հայեցի կրթությանն ու դաստիարակությանը: Մրցույթ-փառատոնի շրջանակում նախատեսված է նաև տպագրել ցուցահանդեսի պատկերագիրքը, իսկ միջոցառման փակմանը նախատեսվում է երկրորդ փուլի հաղթողների պարգևատրումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում