Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգով մեկնարկեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնն աշխարհի տարբեր երկրներից Երևան կբերի մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ալեքսեյ Շորին, Գեորգս Պելեցիսին, Ալեքսանդր Չայկովսկուն և Կառլ Ջենկինսին: Նրանց կմիանա սիրված մաեստրո Տիգրան Մանսուրյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնը մեկնարկեց նոյեմբերի մեկին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այն նվիրվեց մաեստրո Տիգրան Մանսուրյանին:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը կատարեց իտալացի անվանի թավջութակահար Մարիո Բրունելոն: «Բազմիցս կատարել եմ Մանսուրյանի կոնցերտը‚ սակայն առաջին անգամ եմ այն Հայաստանում ներկայացնելու‚ ինչի համար շատ ուրախ եմ։ Ինձ դուր է գալիս երաժշտության լեզվով խոսելու մանսուրյանական ոճը»‚-ասաց Բրունելոն։
Տիգրան Մանսուրյանն էլ նշեց, որ սա նմանը չունեցող իրադարձություն է հայ երաժշտության բնագավառում: «Ուրախ եմ, որ իմ վաղեմի ընկեր Ալեքսան Սիրանոսյանի դուստրը` Շուշան Սիրանոսյանը կատարելու է իր ստեղծագործություններից մեկը, իսկ Մարիո Բրունելոն թավջութակի վարպետ է: Մի քանի տարի է, ինչ սպասում եմ, որ նա գա Հայաստան ու ելույթ ունենա այստեղ: Վերջապես դա տեղի ունեցավ»,- նշեց կոմպոզիտորը:
Փառատոնի ընթացքում, որն անցկացվելու է մինչև նոյեմբերի 9-ը, հայտնի կոմպոզիտորների գործերը կկատարեն մեծ հռչակ վայելող դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և բազմաթիվ այլ երաժիշտներ:
Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվների. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը, «Այբ» դպրոցի երգչախումբը։ Համերգները կկայանան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում