Կեչառիսը՝ մացառների մեջ
Նմանատիպ
Կեչառիսի վանական համալիրը հայաստանյան պատմամշակութային եզակի հրաշալիքներից է: Հատկանշական է, որ ծաղկաձորյան գեղատեսիլ բնության գրկում վեր խոյացող եկեղեցիները զբոսաշրջիկների պակաս չունեն: Բացի հայերից այստեղ շուրջտարի կարելի է հանդիպել արտասահմանցի բազմաթիվ զբոսաշրջիկների: Նշենք նաև, որ եկեղեցում ծիսական բազմաբնույթ արարողությունների պակաս չկա. հարսանիքներ, կնունքներ: Իսկ դրանք ուղեկցվում են ճոխ մոմավառություններով, որոնց եկամուտներից, կարծում ենք, արժե ներդրումներ կատարել խոնարհված պատերի ամրացումների համար: Սակայն առաջ անցնելով ասենք, որ դա չէ մեր հրապարակման բուն նպատակը: Դարավոր վանական համալիրը թեև տեղ-տեղ քայքայման ու փլուզման եզրին է, սակայն եկեղեցու սպասավորները կարող են դրան էլ արդարացումներ գտնել, որ գումարները չեն բավարարում վերանորոգումների համար, մշակույթի նախարարությունը չունի համապատասխան միջոցներ այդ ծախսերը կատարելու և այլն:
Ենթադրենք: Սակայն ոչ մի պայմանով չի կարելի արդարացնել եկեղեցու շրջապատի բարձիթողի վիճակը: Այն, որ անմշակ մացառները շրջափակել են համալիրը, դա էլ իր հերթին: Սակայն ոչ մի կերպ չի կարելի արդարացնել խաչքարերի և տապանաքարերի արանքներում թափված աղբակույտերը, շինարարական աղբը: Համալիրի կենտրոնական մուտքից նայելիս մի պահ թվում է, թե այստեղ ամեն ինչ բարեկարգ է, սակայն դա ընդամենը առաջին հայացքից: Այն, որ տեսադաշտում է, քիչ, թե շատ բարեկարգ է, իսկ այն, ինչ տեսադաշտից դուրս է՝ բարձիթողի և անմշակ: Այստեղ են ասում՝ եկեղեցին դրսից ուրիշի, ներսից տիրոջ աչքն է հանում: Այն աղբը, որ կա եկեղեցու հյուսիսային և արևմտյան պատերի տակ, խաչքարերի և տապանաքարերի արանքում, ենթադրենք լիներ հարավային և արևելյան պատերի տակ, կարծում ենք` դա տեսնելուց հետո ոչ մի զբոսաշրջիկ երկրորդ անգամ ոտք չէր դնի վանական համալիր:
Կարծում ենք, ժամանակն է հրաժարվելու սեփական աղբը շեմից մի քանի քայլ այն կողմ շպրտելու մերժելի սովորույթից: Իսկ այս շինությունը, անկասկած, սովորական շինություն չէ: Այն համալիր ամփոփումն է մեր պատմության, մեր ազգային մշակույթի և անշուշտ, մեր կենցաղավարության: Այն դեպքում, երբ ցանկացած, անգամ քիչ հետաքրքրասեր աչքը կարող է նկատել մեր ոչ մաքրակենցաղ լինելը, սեփական հարգանքի չափաբաժինը մեր մշակույթի, կրոնի և պատմության հանդեպ:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանաստեղծ, հրապարակախոս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում