Թույլ տանք Աստծուն ղեկավարելու մեր կյանքերը
Նմանատիպ
– Հա՛յր, Ավետարանում ինչո՞ւ է Աստծո Արքայությունը մանանեխի հատիկի նմանվում «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մատթ. 13:31, 32):
– Մանանեխի հատիկը շատ փոքր է, սակայն, երբ այն մեծանում է՝ դառնում է մեծ թուփ: Թռչունները նույնիսկ կարող են դրա թփերին նստել: Աստծո Խոսքը մանանեխի հատիկի է նմանվում, որովհետև մի փոքր ավետարանական խոսքից մարդն աճում է, զարգանում ու նրան հասու է դառնում Աստծո Արքայությունը:
– Հա՛յր, ինչպե՞ս կարելի է զգալ այն, ինչի մասին Սուրբ Գիրքն ասում է. «…ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:22)։
– Օրհնյալ հոգի, լսի՛ր, երբ մենք երկնային ուրախության մի մասնիկն ենք կրում մեր ներսում՝ այնժամ Աստծո Արքայությունը մեր մեջ է: Եվ հակառակը՝ երբ հոգեկան անհանգստություն ունենք, խղճի խայթ, այդ ժամանակ մեր մեջ դժոխային տանջանքի մասն ենք կրում: Մեծ բան է, երբ մարդն արդեն այս կյանքում սկսում է երկնային ուրախության մի մասը զգալ: Եվ դժվար չէ հասնել դրան. սակայն, դժբախտաբար, մեր եսասիրությունը խանգարում է մեզ հասնել այդ հոգևոր մեծությանը:
Մարդն՝ ինքը, կարող է իր կյանքը դրախտային դարձնել, եթե թույլ տա, որ Աստված, Բարեգութ Հոր պես, ղեկավարի իր կյանքը: Պետք է վստահություն ունենալ առ Աստված, ամեն ինչում հուսալ Նրան՝ ինչ էլ որ պատրաստվելիս լինենք անել, և փառաբանել Նրան ամեն ինչի համար: Պետք չէ հոգեկան անհանգստություն ունենալ: Հոգեկան անհանգստությունը հոգեկան ընկճվածության է բերում, այն կաթվածահար է անում հոգին: Եթե մարդ Երկնային Արքայությունն է փնտրում, ապա մնացած ամեն բան տրվում է նրան: Ավետարանն ասում է. «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը…» (Մատթ. 6:34), ինչպես նաև «… երկնքի արքայությունը ուժով է առնվում և ուժովներն են հափշտակում այն» (Մատթ. 11:12):
Այսօր մարդիկ իրենք են իրենց կյանքը բարդացրել, որովհետև քչով չեն բավարարվում, այլ անընդհատ վազում են նյութական բարիքների ետևից: Սակայն նրանք, ովքեր կամենում են ապրել իսկական, անկեղծ հոգևոր կյանքով՝ նախ և առաջ պետք է սովորեն քչով բավարարվել: Եթե մարդիկ պարզեցնեն իրենց կյանքը, չծանրաբեռնեն այն շատ հոգսերով, ապա դա կազատագրի նրանց և՛ աշխարհի ոգուց, և ազատ ժամանակ կտա հոգևորի մեջ վարժվելու համար: Հակառակ դեպքում, փորձելով հասցնել նորաձևության ետևից՝ մարդիկ կհօգնեն, կկորցնեն խաղաղությունն ու լռությունը, և ձեռք կբերեն հոգեկան մեծ անհանգստություն:
Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ երբեմն իրենք իրենց կյանքը տանջալից դարձնում: Այսօր, երբ դուրս եկա Աթոսից, Ուրանոպոլիսից մի մարդ իր մեքենայով ինձ այստեղ՝ վանք բերեց և ճանապարհին խնդրեց կարճ ժամանակով իր տուն մտնել: Քանի որ նա շատ էր պնդում, ես չցանկացա վշտացնել նրան: Հենց որ նրա տան դռանը հասանք, տեսա, որ նա հանեց կոշիկներն ու ոտքերի թաթերի վրա միջանցք մտավ: «Քեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ ես այդպես տարօրինակ քայլում»,- հարցրեցի նրան: «Լուրջ բան չկա, Հա՛յր,- պատասխանեց,- ուղղակի փորձում եմ զգուշորեն քայլել, որպեսզի չվնասեմ մանրահատակը»: Դե էլ ի՞նչ ասես այս դեպքում: Մարդիկ իրենք իրենց տանջում են առանց պատճառի:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում