Կայացել է Վարդան Բադալյանի և «Նարեկացի» նվագախմբի համերգը

Կայացել է Վարդան Բադալյանի և «Նարեկացի» նվագախմբի համերգը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերակառուցման նախաձեռնող խմբի կողմից նախօրեին մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է Վարդան Բադալյանի և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգը, որից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերվելու է թատրոնի շենքի վերակառուցմանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախաձեռնող խմբի անդամ Աշոտ Սարկիսյանն ասել է, որ թատրոնի շենքի վերակառուցումը պետք է դարձնենք օրախնդիր, քանզի այն լուրջ խթան կհանդիսանա Արցախում թատերական ոլորտի զարգացման համար:

«Ստեփանակերտի մայր թատրոնի վերակառուցման հարցը կարելի է լուծել ազգովի: Սա մի կարևորագույն ծրագիր է, որը կարող ենք և պարտավոր ենք համատեղ ուժերով իրականացնել: Պետք է համախմբվենք թատրոնի շենքի վերականգնման վեհ գաղափարի շուրջ՝ վստահ լինելով, որ մոտ ապագայում համընդհանուր ջանքերով կվերակենդանացնենք մշակույթի տաճարը:

Տեսանելի էր, որ համերգին ներկաների կողմից զգացվում էր ակտիվություն, քանի որ բոլորն էլ շահագրգռված էին նախաձեռնությամբ»,- նշել է Ա. Սարկիսյանը:

Համերգին, որպես թատերարվեստի նվիրյալների բարի գործերի գնահատական, նախաձեռնող խումբը խորհրդանշական կրծքանշաններով պարգևատրել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրին, սիրված երգիչ Վարդան Բադալյանին:

րծքանշաններից բացի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը շնորհակալագրերով պարգևատրել է Կարեկին Օդաբաշյանին, Արտեմ Խաչատուրին, Վարդան Բադալյանին և համերգի մեներգչուհի Լուսինե Միրզախանյանին:

Համերգի ընթացքում ցուցադրվել է թատրոնի շենքի վերակառուցման մասին պատմող տեսահոլովակ: Բացի դրանից, ցուցադրվել է տեսանյութ, որտեղ անվանի գործիչները, ովքեր միացել են նախաձեռնությանը, անդրադառնում են թատրոնի շենքի վերակառուցմանը:

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում