Տ. Սարգսյան. Ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները պատասխան ստանան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն խոսքը սկսել է քաղաքական հայտարարություններով:

Aysor.am-ի փոխանցմամբ վարչապետը նախ շեշտել է, որ Վերահսկիչ պալատի հայտարարած բացահայտումների գծով գործերը անհապաղ պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին և տրվեն պատասխաններ. «Ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան»:

Վարչապետ նշել է, որ կիսում է ԱԺ նախագահի տեսակետը, որ բյուջեի միջոցները մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ:

Երկրորդ քաղաքական հայտարարությունը վերաբերում էր ՎՊ-ին, որը, ըստ գործադիրի ղեկավարի, խիստ մասնագիտացված կառույց է. «Վերհսկիչ պալատը իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարությամբ, այն պարտավոր է ներկայացնել մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականները պետք է տան ԱԺ-ն և գործադիրը»:

Տ. Սարգսյանը նաև շեշտել է՝ այն տեսակետը, որ բյուջեի յոթանասուն տոկոսը խիստ ռիսկային և կոռումպացված ձևով է ծախսվում և համատարած է բոլոր ոլորտներում’ չի կարող համապատասխանել իրականությանը:

Եվ երրորդ քաղաքական հայտարարությամբ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է կառավարության նիստին ներկա բոլոր պաշտոնյաներին իրենց հասցեին հնչած մեղադրանքերին պատասխանել’ կամ հերքել, կամ պատրաստել նյութեր և ներկայացնել դատախազություն, կամ հրապարակել, որ ներկայացված մեղադրանքերը ճիշտ են և կրեն պատասխանատվություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում