Ցանկացած փայտ երկու ծայր ունի, հարգելի դաշնակիցներ
Նմանատիպ
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զինտեխնիկա վաճառելու փաստը բավական տարօրինակ արձագանք գտավ հայ հասարակության շրջանում: Վերջին երկու օրերին տեղական լրատվամիջոցների էջերը պարզապես լցվեցին մեր ռազմավարական դաշնակցի այդ քայլն արդարացնող գնահատականներով ու մեկնաբանություններով: Լավագույն դեպքում, հայ հեղինակները պարզապես նշեցին, որ նոր զինտեխնիկան չի խախտի հայ-ադրբեջանական ուժերի հավասարակշռությունը:
Մինչդեռ խոսքը մեր դաշնակցի կողմից մեր թշնամուն գերժամանակակից տանկերի, զրահամեքենաների և այլ զինտեխնիկայի վաճառքի մասին է: Այս փաստը չունի և չի էլ կարող որևէ արդարացում ունենալ: Հատկապես այն պարագայում, երբ բոլորը գիտակցում են, որ ուշ թե շուտ այդ տանկերը կրակելու են հայ զինվորների և խաղաղ բնակիչների ուղղությամբ: Սրանում կասկած չկա: Եվ անգամ, եթե Ադրբեջանի կողմից ձեռք բերված զինտեխնիկան չի խախտում ուժերի հավասարակշռությունը, այնուամենայնիվ, պարզ է, որ հնարավոր պատերազմի ընթացքում այն իր խոսքը կասի: Կարծում եմ’ անիմաստ է մեր հեղինակներին հիշեցնել, թե ջրաղացին ջրից բացի էլ ինչն է օգուտ տալիս…
Բայց սա հարցի միայն մեկ կողմն է: Ակնհայտ է, որ այս հարցում Ռուսաստանին առաջնորդում են միայն ֆինանսական եկամուտները: Այնինչ, պաշտոնական Մոսկվային չէր խանգարի մի քիչ էլ մտածել նաև սեփական անվտանգության մասին: Խոսքս ամենևին հայ-ադրբեջանական պատերազմին ՀԱՊԿ զորքերի հնարավոր մասնակցությանը չի վերաբերվում:
Կարծում եմ, այս պարագայում հայկական կողմից որևէ մեկը հույս չի դնելու ռազմական այդ դաշինքի պոտենցիալի վրա: Մեր հարցերը ինքներս կլուծենք: Տվյալ դեպքում խոսքս վերաբերվում է Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը: Երևում է, Կրեմլում մոռացել են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումը Հյուսիսային Կովկասի համար: Հավանաբար, Կրեմլում մինչև վերջ չեն գիտակցում, որ այսօրվա 1 միլիարդ դոլարանոց գործարքը վաղը տասնապատիկ ավելի թանկ է նստելու Ռուսաստանի շահերի վրա: Այնպես որ, հարգելի դաշնակիցներ, միշտ հիշեք, որ ցանկացած փայտ երկու ծայր է ունենում միշտ:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում