Էլժբետա Պենդերեցկա. Անդադար աշխատել

Էլժբետա Պենդերեցկա. Անդադար աշխատել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արգելելը բացարձակապես միջոց չէ, նաև հրամայելով հարց լուծելն անհեռանկարային է: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Հայաստանը` ժամանակակից երաժշտության քարտեզի վրա» խորագրով միջոցառմանն ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ խոսելով ցածրաճաշակ երաժշտության մասին:

«Երբ արգելում ես, գնում է ընդհատակ, որտեղ ավելի թանկ է դառնում: Պետք է միջավայրը հղկվի»,- նշեց մաեստրոն:

Նա հույս է կապում երիտասարդ սերնդի հետ, որը մեծ շփումների մեջ է գտնվում:

Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան նշեց, որ ցածրաճաշակ երաժշտության խնդիր կա ողջ աշխարհում, նաև Լեհաստանում: Միակ լուծումը տեսնում է կրթելն ու վաղ տարիքից դեպի լավ երաժշտությունը ճաշակ ձևավորելը:

«Կարևոր է անդադար աշխատանքը, նաև տարբեր միջոցառումներ, փառատոներ կազմակերպելը: Դուք կազմակերպում ենք նաև Արամ Խաչատրյանին նվիրված փառատոն, մի քանի անգամ ներկա եմ եղել: Ի դեպ, անձամբ ծանոթ եմ եղել Արամ Խաչատրյանին, Կրակովում երկու անգամ մեզ հյուր է եղել»,- ասաց Պենդերեցկան:

Նրա խոսքով, այսօրվա սերունդը կարողանունմէ լսել և 20-րդ, և 21-րդ դարի երաժշտություն, պետք է նրանց հնարավորություն տրվի, ներկայացվի այդ երաժշտությունը, որպեսզի նրանց մոտ հետաքրքրություն առաջանա:

Քննարկումը կազմակերպվել էր «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում, ներկա էին փառատոնի հյուրերը, այդ թվում լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին‚ Արամ Խաչատրյանի աշակերտ Գեորգս Պելեցիսը, փառատնի կազմակերպիչ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում