Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության
Նմանատիպ
Վերջին օրերին քրիստոնյաների համար առավել հրատապ է ապրելը հենց այս համոզմունքով:
Երկչոտության ոգի չենք ստացել, բայց հանդգնության («սիրո և համերաշխությա՞ն») ոգի էլ չենք ստացել, այլ Եկեղեցու դեմ հալածանքներին համբերությամբ դիմակայելու զորություն. «ՈՒստի ամոթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ՝ Նրա կապյալին. այլ մասնակի՛ց եղիր Ավետարանի համար եղած չարչարանքներին, զորությամբ Աստծու, որ փրկեց մեզ և կոչեց սուրբ կոչումով՝ ո՛չ ըստ մեր գործերի, այլ ըստ Իր նախասահմանության և շնորհի: Ահա թե ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, քանզի գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել և վստահ եմ, որ Նա կարո՛ղ է իմ ավանդը պահել մինչև այն օրը: Որպես օրինակ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որոնք ինձնից լսեցիր՝ այն հավատով և սիրով, որ ունեն Քրիստոս Հիսուսին միանալով հավատացողները: Պահի՛ր բարի ավանդը մեր մեջ բնակվող Սուրբ Հոգու միջոցով»: Այսօր ականատես ենք լինում մի օտար ու անընկալելի քրիստոնության հաղթարշավին: Քրիստոնեություն, որ ծառայեցնում է, նեղում ու չարչարում, հոխորտում ու հալածում: Քրիստոնյաներ, որ չեն հանդուրժում միմյանց և չեն համակերպվում դույզն-ինչ անհարմարավետության: Քրիստոնյաներ, որ Քրիստոսի փառքն են փափագում, բայց Քրիստոսի` իրենց բաժին չարչարանքներին չեն ուզում համբերել: «Եվ արդ, բոլորովին վատթար բան է ձեզ համար, որ դատաստաններ էլ կան ձեր մեջ: Ինչու՞ ինքներդ զրկանք չեք կրում և առավել ևս ինքներդ նեղություն չեք քաշում. այլ դուք եք զրկում և նեղում. այն էլ՝ նույնիսկ եղբայրներին: Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն: Եվ դուք, գոնե ոմանք, այդպիսիք էիք. բայց լվացվեցիք, մաքրվեցիք, արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով» (Ա կորնթ. 6;7-11):
Մարմնավոր մտածումներով ու վախերով առաջնորդվողները ծախում են իրենց հոգին, ազգն ու ինքնությունը. «Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ հոգու, եթե Աստծու Հոգին բնակված է ձեր մեջ: Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրան չի պատկանում: Իսկ եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար: Որովհետև նրանք, որ առաջնորդվում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ»: Մարդիկ առաջնորդվում են սեփական հաշիվներով, շահով, նկրտումներով, և առաջ են գնում կասկածամտորեն, զգուշավորությամբ և վախվորած: Իսկ եթե մենք ծառայում ենք Աստծուն, այլևս ոչ մեկից ու ոչ մի բանից չպետք է երկնչենք, բացի Աստծուց, չկասկածենք ճշմարտությանը և Նրա հետ չկապող ամեն բան աղբ համարենք` միայն Նրան ունենալու համար, քանի որ մենք արդեն սոսկ ծառաներ չենք, այլև բարեկամներ, որդեգիրներ և ժառանգակիցներ Աստծո: «Քանի որ չստացաք ծառայության հոգին վերստին երկյուղի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր: Նույն Ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թե Աստծու որդիներ ենք. և եթե որդիներ ենք, ապա և՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու և ժառանգակիցներ Քրիստոսի. եթե Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին»: Եթե առել ենք Աստծո զորության Հոգին, մեր գործերով հռչակե՛նք այդ զորությունը, ոչ թե առանց այդ էլ անհավատ ու աստվածանարգ աշխարհի առաջ Աստծուն ներկայացնենք իբրև անուժ ու պարտված մեկը: Այդպես պետք է խրախուսվի ամեն մի քրիստոնյա` ապրելու և գործելու Աստծո փառքի համար: Աստծո զորությամբ զորացնենք մեր իսկ հավատը հենց այդ զորության հանդեպ: Ցանկացած աղանդից բյուրապատիկ անգամ վտանգավոր, խմբագրված և որոշակիորեն ուղղորդվող կեղծ քրիստոնեությունը` հանդգնության ու ամբարտավանության ոգուց բռնված, կարող է աննկատելիորեն փոխարինել ավանդական և ճշմարիտ քրիստոնեությանը, որովհետև անորոմ ու անխառն ցորեն մեր գաղափարական դաշտերում չկա, կան տարբեր տոկոսային հարաբերության խառնուրդներ:
Անհավատները ապրում են ի ծնե կույր կամ փակ աչքերով, մոլեռանդները` կուրացած ինքնախաբեական կամապաշտությունից: Երկուսն էլ գերի են խավարին. «Տերն Ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է»:
Նրանք, ովքեր կոչված են աշխարհի լույսը լինելու, առավել պետք է ջանան ցրել օրեցօր ահագնացող խավարը: Մինչդեռ տեսնում ենք համատարած խավարի մեջ մարմրուն կրակներ: Մարդը կարող է խաբել ինքն իրեն ու իր նմանին, բայց ոչ Աստծուն. «Չխաբվե՛ք. Աստված չի ծաղրվում, որովհետև, ինչ որ մարդս սերմանում է, նույնը և կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղ.6; 7-8):
Ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, որ անապական ու հավիտենական բերք հավաքենք:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում