Դուստրը` Ռոբերտ Ամիրխանյանին նվիրված ֆիլմի մասին. «Կուզենայի, որ այս համատեքստում նա չդիտարկվեր որպես իմ հայր»

Դուստրը` Ռոբերտ Ամիրխանյանին նվիրված ֆիլմի մասին. «Կուզենայի, որ այս համատեքստում նա չդիտարկվեր որպես իմ հայր»

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aravot.am: «Օրդեր ֆիլմ փրոդքաշընը» ֆիլմ է նկարում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի մասին, ֆիլմի աշխատանքներում ներգրավված է նաեւ ճանաչված կոմպոզիտորի դուստրը` Աննա Ամիրխանյանը: Նա ֆիլմի համապրոդյուսերն է, ֆիլմի ռեժիսորը Հայկ Մկրտչյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը:

«Ֆիլմը նկարվում է Ռոբերտ Ամիրխանյանի արժեքը ապագա սերունդների համար պահպանելու համար, նրա մասին տեղեկատվության, նրա երգերի, անձնական վառ արժանիքներին ծանոթացնելու համար, Ամիրխանյանի տեսակը ցույց տալու համար: Կարծում եմ` Ռոբերտ Ամիրխանյանը երեւույթ է, այն հիմնաքարերից է, ում վրա հենվելով ցանկացած երիտասարդ պետք է ճիշտ կողմնորոշվի», – Aravot.am-ի հետ զրույցում նշեց կոմպոզիտորի դուստրը` Աննա Ամիրխանյանը:

«Ես չեմ վախենում իրեն համեմատել մեր ժողովրդի փայլուն այլ անունների հետ: Կարծում եմ` գալիք սերունդը Ռոբերտ Ամիրխանյանին բացահատելու դեռ շատ բաներ ունի: Ես կուզենայի, որ այս համատեքստում նա չդիտարկվեր որպես իմ հայր, որովհետեւ ֆիլմում իմ վերաբերմունքը բացառապես հայ մարդու, քաղաքացու եւ հայ մշակույթում մեծագույն ավանդ ունեցողի հանդեպ վերաբերմունք է: Ես այստեղ բացարձակ չեմ ուզում խոսել իր` իմ հայրը լինելու մասին: Ֆիլմը պետք է վեր լինի ընտանեկան մանրուքներ բարձրաձայնելուց, այստեղ ես խոսում եմ որպես երաժշտագետ, որպես արվեստը սիրող ու գնահատող մարդ: Ֆիլմը միայն Ամիրխանյան երեւույթի, Ամիրխանյան մարդու, Ամիրխանյան արվեստագետի մասին է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց, որ լսել էր «Օրդեր ֆիլմի» մասին, տեղյակ էր մասնագիտական որակին. «Ավելի մեծ բացահայտումներ արեցի ինձ համար երբ ծանոթացա եւ սկսեցինք աշխատել միասին»: Աննա Ամիրխանյանի ձեւակերպմամբ, ֆիլմի ստեղծագործական կազմում նվիրյալ պրոֆեսիոնալներ են, որոնց աշխատանքի արդյունքում Ռոբերտ Ամիրխանյանը մեծագույն հանգստությամբ ու հաճույքով է մասնակցում նկարահանումներին:

«Երբ խոսում ենք արվեստագետի մասին, ցանկացած շերտ կապված է իր ստեղծած արվեստի հետ, Ամիրխանյանի երգերի այն հատվածը, որ ծանոթ է մեզ, կազմում է իր ստեղծագործական ժառանգության ընդամենը 1/8-րդ մասը: Մենք սառցաբեկորի միայն գագաթն ենք տեսնում, Ամիրխանյանի ժառանգությունը դեռ պետք է բացահայտել:

Ֆիլմին զուգահեռ կհրատարակվեն նաեւ նրա անտիպ ստեղծագործությունները, եթե դա լինի մինչեւ ֆիլմի ավարտը, ապա այդ մասին ֆիլմում եւս կխոսվի: Խոսքը 6 տասնյակ երգերի, երգային շարերի, կանտատների մասին է, եթե գործիքային երաժշտության մասին էլ խոսենք, ապա այնտեղ դաշնամուրային կոնցերտ կա, կվարտետներ, եւ դրանցից ամեն մեկը մի առանձին էջ է իր ստեղծագործական դիմանկարում»,-հայտնեց ֆիլմի համապրոդյուսերը:

«Նախքան ֆիլմի գաղափարը հղանալը, ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես սկսեցի հավաքագրել Ամիրխանյանի այն երգերը, որոնք մինչեւ հիմա անհայտ են մնացել: Դա հասունացավ մինչեւ հատորներ…ընդհուպ 5-րդ հատոր, այսպես ամփոփվելու է Ամիրխանյանի ստեղծագործական ժառանգությունը եւ կյանքի ուղին, բազմաթիվ նկարներով, հուզիչ դրվագներով` իր կողմից պատմված»,-ընդգծեց Աննա Ամիրխանյանը: Նաեւ հավելեց, որ իր համար ընդունելի չէ, երբ ինչ-որ մարդկանց հրավիրում են եւ նրանք պատմում են կոնկրետ արվեստագետի մասին, սակայն 3 հոգու ինքը չի կարողացել շրջանցել: Նրանցից մեկը դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն է, ում հետ կոմպոզիտորը վերջին շրջանում շատ է աշխատում, մյուսը կոմիտասագետ Մհեր Նավոյանն է, երրորդը` Ամիրխանյանի մանկության ընկեր Լեւոն Իգիթյանն է: Աննա Ամիրխանյանը հույս ունի, որ 2020-ին ամիրխանյանական 5 հատորներն էլ հրատարակված կլինեն: Գիրքը կոչվելու է «Սիրո խոստովանանք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում