Վենետիկում տպագրված Աստվածաշունչը Պեմզաշենից հասել է Չինաստան

Վենետիկում տպագրված Աստվածաշունչը Պեմզաշենից հասել է Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Մանջուրիա քաղաքի մոտ գտնվող Ջալայնոր շրջանի պետական թանգարանում բացվել է հայկական ցուցանմուշների սրահ: Ներկայացված են ազգային հագուստը, գյուղատնտեսական ու երաժշտական գործիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի մի հատվածում տեղ է գտել Աստվածաշունչը: Այն գործարար Սպարտակ Մանուկյանի հայրական տնից՝ Պեմզաշենից է Չինաստան տեղափոխվել:

Չինաստանի պետական թանգարանի հայկական միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ղեկավարը, Ռուսաստանի Չիտա քաղաքի հայ համայնքի ղեկավարն ու համայնքի ներկայացուցիչները, Չինաստանի մի քանի թանգարանների տնօրեններ: Հնչել է հայկական երաժշտությունը, ներկայացվել՝ ազգային պարը: Չիտայաբնակ 13-ամյա դհոլահար Մանվելի կատարմամբ «Արցախ» ստեղծագործությունը հուզել է չինացիներին:

Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը միջոցառման ընթացքում խոսել է հայ-չինական հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու ժողովուրդները հաջողությամբ համագործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում: «Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ մեզ համար պատմական պահ է: Չինական թանգարանում հայկական ցուցասրահի բացումը կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը»,- ասել է Անանիկ Ոսկանյանը:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ չինական կողմը ցուցադրությունը նախաձեռնած գործարար Սպարտակ Մանուկյանին հողատարածք է հատկացնելու՝ է Արթիկի տուֆով եկեղեցի կառուցելու համար:

Գործարարը ծնունդով Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքից է: Սպարտակ Մանուկյանը 10 տարի առաջ ամուսնացել է չինուհի Խան Լիինի հետ: Ամուսինները դստերը Հայաստան են անվանել:

Նազելի Էլբակյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում