Մալթացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի գործերը հնչեցին Արամ Խաչատրյան համերգասրահում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, որը նախկինում հյուրընկալվել է Հայաստանում, մասնակցեց իրեն նվիրված համերգային երեկոյին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում կազմակերպված երեկոն անցկացվեց նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հեղինակի ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) կատարեցին թավջութակահար Ժուլիեն Լաֆերիերը և դաշնակահար Ինգոլֆ Վունդերը։
«Ալեքսեյ Շորը հրաշալի կոմպոզիտոր է: Նա շատ հետաքրքիր հնչյունային համակարգի է տիրապետում»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:
Անդրադառնալով կոմպոզիտորի մարդ տեսակին՝ դիրիժորն ասաց, որ նա բացառիկ լավ անձնավորություն է: «Շորի գործերը կատարում են աշխարհի լավագույն մենակատարները: Դա խոսում է այն մասին, որ նրա երաժշտությունը յուրահատուկ է ու երկար կյանք ունի»,-ընդգծեց Սմբատյանը:
Համերգին ներկա էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որի խոսքով՝ Ալեքսեյ Շորը հետաքրքիր անձնավորություն է: «Նրա՝ երաժշտության նկատմամբ մեծ սերն ինձ հիացնում է: Լինելով մաթեմատիկոս և լուրջ գիտնական՝ նա իրեն ամբողջությամբ նվիրել է երաժշտությանը: Այս իրողությունը փառատոնին գեղեցիկ երանգ է հաղորդում»,-ասաց մաեստրոն:
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում