Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արարատի մարզի ուխտավորների հետ
Նմանատիպ
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արարատի մարզի Արարատ, Արտաշատ և Վեդի համայնքների ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի և առաջանորդությամբ Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի, Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի և Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի:
Ուխտավորները Մայր Աթոռ էին ժամանել շնորհավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման ու գահակալության 20-ամյակի առիթով և ստանալու Նորին Սրբության օրհնությունը:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո քահանա հայրերը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեցին իրենց համայնքների ուխտավոր հայորդիներին:
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին, հորդորեց հավատարիմ մնալ ավանդական ընտանեկան արժեքներին, նախանձախնդրությամբ պահպանել ազգային-հոգևոր ավանդույթները և զորանալ Սուրբ Էջմիածնով: Նորին Սրբությունը փաստեց, որ Եկեղեցին զորեղ է իր հավատացյալներով, եկեղեցական կյանքում նրանց ներգրավվածությամբ, ինչի վառ վկայությունն են դեպի Մայր Աթոռ ուխտագնացությունները:
Հայոց Հովվապետը նաև պատգամեց հավատացյալ հայորդիներին ապրել ավետարանական պատվիրաններով, բարի գործերով զորացնել նախնյաց սուրբ հավատքը, աստվածային սիրով շաղախել իրենց քրիստոնեական ընթացքը, որպեսզի հասարակական կյանքում տեղ չգտնեն անընդունելի երևույթները:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին մաղթեց, որ Աստծո օրհնության ներքո միշտ լինեն զորեղ և հարատև՝ սիրո մեջ:
Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուկյան էջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում