Աստված հպարտի աղոթքը չի լսում

Աստված հպարտի աղոթքը չի լսում

– Հա՛յր, միտքը ինձ հուշում է, որ իմ մի տգեղ արարքից հետո աղոթքս հաճո չէ Աստծուն:

– Եթե այդ միտքն առաջ է գալիս իրական խոնարհությունից և ասում ես. «Ես բարկացնում եմ Աստծուն իմ տգեղ վարմունքով», ապա աստվածային մխիթարություն ես զգում: Իսկ եթե եսասիրության պատճառով ես տրտմում ու ասում. «Ինչպե՞ս կարող էի դրան հասնել»,- ապա մխիթարություն չես ստանում, որովհետև «Տերը հակառակ է ամբարտավաններին»(1): Աստված հպարտի աղոթքը չի լսում, որովհետև հպարտությունը խոչընդոտ է:

Աղոթքը պետք է «մաքուր ու խոնարհ սրտից»(2) ելնի, որպեսզի լսելի լինի: Բավական է խոնարհությամբ ասել. «Տե՛ր, ինչպե՞ս կարելի է իմ նմանին լսել»,- և նույն պահին Բարեգութ Աստված լսում է մեզ:

– Հա՛յր, երբեմն որևէ փորձության ենթարկվելիս, ինչո՞ւ չեմ կարողանում աղոթել:

– Երբ փորձության ես ենթարկվում և չես կարողանում աղոթել, իմացի՛ր, որ հպարտություն ու եսասիրություն ունես: Փորձությունը մնում է այնքան, մինչև մարդը սկսի արհամարհել իրեն: Հենց նա գիտակցում է իր անպարկեշտությունը, Աստծուց օգնություն է ստանում, և փորձությունն անցնում է:

– Հա՛յր, Աստծուն աղաչում եմ, որ օգնի ինձ՝ հանդգնությունից ազատվելու, սակայն ոչ մի արդյունք չեմ տեսնում:

– Երբ մարդու ջանքն ու աղոթքն արդյունք չեն տալիս, նշանակում է, որ կա՛մ նրանում եսասիրություն ու հպարտություն է բնակվում, կա՛մ հպարտության հակում կա, որը խոչընդոտում է Աստծու շնորհին, որպեսզի աղոթքի միջոցով գործի: Եթե խոնարհություն ունենք և գիտակցում ենք սեփական մեղավորությունը, ապա Բարեգութ Աստված տալիս է այն, ինչ խնդրում ենք աղոթքում:

– Իսկ երբ թախանձագին խնդրում եմ Աստծուն, որ ազատի ինձ որևէ տկարությունից և ինքս էլ պայքարում եմ դրա դեմ, սակայն խնդրածս չեմ ստանում հպարտության պատճառով, ի՞նչ անեմ այդ դեպքում:

– Նախևառաջ ներում հայցիր Աստծուց: Ասա. «Տե՛ր Աստված, հպարտությանս պատճառով օգնություն չեմ ստանում Քեզնից, բայց աղաչում եմ՝ լուսավորի՛ր ինձ, որպեսզի հասկանամ, թե ինչ է պետք անել տկարությունս հաղթահարելու համար»: Հենց ընդունում ես, որ հպարտություն ունես և այդ պատճառով որոշակի տկարությունը քեզնից չի հեռանում, Աստված հայտնում է քեզ դրա պատճառն, ու թե ինչպես այն արմատախիլ անես:

– Հա՛յր, ես ինձ ինչպե՞ս պետք է զգամ աղոթքի պահին:

– Խոնա՛րհ զգա, որպեսզի Աստված օգնի քեզ: Խոնարհ մարդը սեփական կամք չունի՝ նա հնազանդվում է Աստծու կամքին և Նրա պատվիրանները կատարում, ուստի Աստված նրա աղոթքը լսում է ու երկնային օրհնություն պարգևում: Որքան մարդը լսում է Աստծուն, այնքան էլ Բարեգութ Աստված է նրան լսում:

1. Հակ. 4:6, Ա Պետ. 5:5, Առակ. 3:34
2. Սղմ. 50:19

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում