Համո Սահյան․ Դու ուզեցիր
06/11/2019 19:40
Նմանատիպ
Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
ՈՒ քեզ ընկեր մնամ:
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:
Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ:
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ: