Նոնա Պողոսյան․ Գոյ
Նմանատիպ
Տանում եմ ոտքերս, որովհետև կանգնելու ուժ չունեմ,
Հրում եմ մարմինս, որի հոգին պատրաստ չէ համբառնալ,
Բարձրացնում եմ թևերս, որոնք պարտվել դեռ կհասցնեն,
Վերցնում եմ չտրվողը` ինքնությունս, մի կերպ փրկելու համար:
Մղում եմ ժառանգությունս արյան խողովակաշարով,
Փոխհատուցում ստանալով ապրելու իրավունքն իմ,
Խիղճս հանձնում եմ ընդամենը մեկ օրով
Նյութապաշտությունից արագ մաքրման կետին:
Երկնքից ու երկրից դերեր եմ ստանում,
Նյարդերս գրավ դնում չխաղալու դիմաց,
Հոգուս անընդմեջ կաշառք եմ խոստանում,
Որ ինձ համար պահի երկնքի դուռը բաց…
Թողնում եմ Խուճապը խուճապահարներին.
Մեկ է խաչվելու դեմ բոլորն հավասար են,
Հնարքներ եմ ձոնում աճպարարներին,
Ովքեր թեթև ձեռքով ինձ կհիմարացնեն:
Գլխիս բարեխոսն եմ սրտիս ականջի տակ.
Գոնե օրերում այս իրար հետ հաշտ ապրեն,
Տուրքեր են վճարում ապրումներս շիտակ,
Շուտով նրանք լրիվ ինձ կսնանկացնեն:
…Գոյությանն այս դժնի ես ինձ եմ Տեր կարգում
Ու գնում լռելու հաղթողների շարքում…