Անվտա՞նգ են Հայաստանի վերելակներն ու կարուսելները

Վերելակները ստուգվում են տարեկան առնվազն մեկ անգամ, և սխալ փորձագիտական եզրակացության համար սահմանվում է 500 հազար դրամ տուգանք, առանձին դեպքերում’ քրեական պատիժ: Ինչպես գրում է Panorama.am-ը, այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով’ վերելակները կարող են փորձարկվել նաև բնակիչների պահանջով, բայց այս անգամ’ վճարովի:

«Բնակելի շենքերի համար մենք ինքնարժեքից ցածր գին ենք սահմանել’ 2930 դրամ, իսկ ոչ բնակելի շինություններում վերելակները ստուգվում են 20 հազար դրամով», – տեղեկացրեց փորձագետը, շեշտելով, որ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջելու իրենց բնակելի տների վերելակների փորձաքննություն իրականացնել:

Լ.Հովհաննիսյանը բացառեց, որ որևէ վերելակ կարող է աչքաթող արվի և ստուգողներևը որևէ պայմանավորվածություն ունենան սեփականատերերի հետ: Նրա խոսքով’ չի կարևորվում նաև խցերի արտաքին տեսքը: «Մենք ստուգում ենք հիմնական անվտանգության հանգույցները: Եթե ճոպանները կամ էլեկտրատեխնիկան սարքին չեն, որևէ կոսմետիկական միջոցներով դա չես թաքցնի», – ասաց նա:

Անդրադառնալով վերելակներում դժբախտ պատահարների, նա շեշտեց, որ յուրաքանչյուր դեպք մանրամասն փորձագիտություն է պահանջում: «Վերելակի համար պատասխանատվությունը բոլորի վրա է’ խցիկ մտնողից, մինչև անվտանգության համար պատասխանատու անձ: Երբեմն խախտվում են վերելակից օգտվելու կանոնները, կամ էլ ոչ պրոֆեսիոնալները փորձում են տարհանել տուժածներին, ինչը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել», – ասաց ԱԻՆ փորձագետը:

«Կարելի է ասել, որ ՀՀ-ում կարուսելներն անվտանգ են»,-ինչպես հայտնում է Aravot.am-ը, ասաց Լուսինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում այսօր գրանցված են 126 ատրակցիոններ, 83-ը՝ Երևանում: Դրանցից 63-ը անցել են տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Մնացածների փորձաքննությունը ընթացքի մեջ է:

Փորձագետը նշեց, որ ատրակցիոնները տարին մեկ անգամ պետք է պարտադիր փորձաքննություն անցնեն ու մանրամասնեց. «Մենք ստուգում են դրանք տեխնիկական անվտանգության բնորոշիչներին համապատասխան: Կախված ատրակցիոնների բնույթից՝ փորձաքննության արժեքը կարող է տատանվել: Պրիմիտիվ ատրակցիոններ կան, որոնց փորձաքննությունը տասը հազար դրամ է»:

Իսկ բակային ատրակցիոնների մաիսն բանախոսը ասել է. «Բակային ատրակցիոնները պրիմիտիվ են և սեզոնից առաջ ենթարկվում են հակակոռոզիոն աշխատանքների և անցնում համապատասխան ակտավորում»:

Լ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հաղթանակի զբոսայգում 37 տարվա արտադրության ատրակցիոն կա, համեմատաբար նոր են Մանկական երկաթուղու ատրակցիոնները, կան նաև եվրոպական արտադրության ատրակցիոններ: Դառնալով մարզերում իրականացված փորձաքննությանը՝ փորձագետը նշեց, որ Լոռիում տեղադրված ատրակցիոններից 6-ն են անցել փորձաքննություն, Կոտայքի մարզի 6-ը, Շիրակի մարզում՝ 14-ը, Սյունիքի մարզի 6 ատրակցիոններ ստացել են բացասական եզրակացություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում